Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 օրը սպորտի նախարարը սկսեց ամփոփել տարվա սկզբից

Հասարակություն
sport-naxarar

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանն այսօր ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Սակայն նա ներկայացրեց ոչ թե այդ ժամանակահատվածի, այլ տարվա սկզբից նախարարության կատարած աշխատանքները: Մասնավորապես՝ Հայաստանի մարզիկներն խոշոր մրցաշարերում արդեն նվաճել են 83 մեդալ: 120 հազար մարդ մասնակցել է մասսայական սպորտային միջոցառումներին: Ի դեպ, նրանցից 112. 648-ը աշակերտներ են եղել: Նախարարը նշեց, որ մասսայական սպորտի միջոցառումների շրջանակում մինչեւ այս տարվա վերջը պետք է անցկացվեն գյուղական մարզական խաղեր, հանրապետական մարզական փառատոն, տարեցների հանրապետական խաղեր, հանրակրթական դպրոցների սպարտակիադա, զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր, Հանրապետական ուսանողական մարզական խաղեր եւ այլն: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք կարելի է բավարարվել մասսայական սպորտի ներկայիս վիճակով, երբ այդ միջոցառումներին մասնակցում են հանրապետության բնակչության 3-4 տոկոսը, պարոն Վահրադյանն ասաց: «Մասսայական սպորտի մեր ազգաբնակչության մասով թվականի հետ կապված, հավատացեք, որպես քայլ ինքը լուրջ քայլ է: Մինչեւ տարվա վերջ մասնակիցների քանակը կհասնի 250-300 հազարի», - պարզաբանեց նախարարը: Խոսելով հայկական սպորտի խնդիրների մասին, Լեւոն Վահրադյանն ասաց, որ առաջին հերթին հարկավոր է մեծացնել համագործակցությունն այն մարզադպրոցների հետ, որոնք չեն գտնվում նախարարության հաշվեկշռի մեջ: «Այս տարի միջազգային մրցումներում ձեռք բերված մեդալների 70 տոկոսը նվաճել են նախարարության ենթակայության տակ գտնվող 25 մարզադպրոցների սաները: Դա մտածելու տեղիք է տալիս: Մենք ցանկանում են մյուս մարզադպրոցներում նույնպես մտցնենք այն ուսումնական-մարզումային ծրագրերը, որոնցով աշխատում են մեր տրամադրության տակ եղած դպրոցները, որպեսզի ավելի արդյունավետ դառնան կատարվող աշխատանքները», - եզրակացրեց նախարարը: