«Լոռի ՖԱ»-ն վստահ հաղթեց «Փյունիկին» եւ ամրապնդվեց 1-ին հորիզոնականում
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացան 7-րդ տուրի առաջին հանդիպումները: Մրցաշարը 10 միավորով գլխավորող Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց իրեն անմիջապես հետապնդող Երեւանի «Փյունիկին»: Առաջնության նորեկը բոլոր երեք գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում: Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» իր հարկի տակ պարզապես ջախջախեց «Արցախ ՖԱ»-ին՝ վեց անպատասխան գնդակ անցկացնելով առաջնության նորեկի դարպասը: Ալաշկերտցիները վաստակեցին 10 միավոր եւ բարձրացան 2-րդ հորիզոնական: Զուգահեռ ընթացող «Բանանց» - «Գանձասար-Կապան» խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 33-րդ րոպեին խփեց Արամ Բարեղամյանը: «Բանանցը» նույնպես վաստակեց 10 միավոր եւ այդ ցուցանիշով հավասարվեց «Ալաշկերտին»: Օրվա վերջին խաղում առաջնության նորեկ «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Շիրակին»: