Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր երեխաներին լողի տանելու ցանկություն կա, հնարավորություններն են քիչ (տեսանյութ)

Հասարակություն
Lusine-3

Հայաստանում շատերը կցանկանային  իրենց երեխաներին լողի տանել  վաղ տարիքից: Բայց մեր երկրում փոքր երեխաների համար նախատեսված լողավազանները քիչ են, գործողների  մի մասն էլ մատչելի չեն:  Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցն այժմ եզակի հաստատություններից է, որտեղ կա մանկական լողավազան։ Անցագրավար Անի Կարապետյանի խոսքով, նրանց մոտ մեկ անգամ բացառության կարգով ընդունվել է 9 ամսեկան երեխա, իսկ սովորաբար երեխաներին ընդունում են մեկ ու կես տարեկանից: Աշխատում են նաև խնդիրներ ունեցող երեխաների հետ: Եթե կա բժշկի ցուցում՝ շարժական խնդիրներ ունևոր երեխայի համար հատուկ ջրային թերապիա անցկացնելու համար, ապա ընդունում են նաև մեկ ու երկու, երեք ամսեկան երեխաներին: Կարապետյանը նշեց, որ լողի պարապմունքին ծնողի միջամտություն չի լինում, որպեսզի երեխաները հեշտությամբ կապ հաստատեն և վստահություն ձեռք բերեն մարզչի նկատմամբ: Ծնողները պարապմունքներին կարող են հետևել միջանցքում տեղադրված էկրանի միջոցով, իսկ երեխաները հարկ եղած դեպքում կարող են նրանց ձայն տալ: Մարզիչ Սիրանույշ Օհանյանը նշում է, որ չնայած սահմանափակումներ չկան,  սակայն լողի համար նպաստավոր տարիքը սկսվում է մեկ տարեկանից, իսկ ջրից վախեցող երեխաներին առաջին հերթին է պետք տանել լողավազան՝ վախը հմուտ մարզիչների հետ հաղթահարելու համար: «Շատ սխալ է լողի չտանելը, եթե երեխան վախենում է ջրից: Այսօր մեզ մոտ երեխա բերեցին, ով ընկել էր մի լողավազանի մեջ և սկսել էր խեղդվել, այդպես վախեցել էր,  աշխատեցինք նրա հետ, և հիմա արդեն չէր ուզում ջրից դուրս գալ: Մեծ տարիքում ջրից վախենալու խնդիրը շատ ավելի դժվար է հաղթահարել, քան փոքր տարիքում», - ասաց մարզիչը: Նրա խոսքով, լողն անհրաժեշտ է նաև խնդիրներ ունեցող երեխաներին՝ առողջական և հոգեբանական վիճակը բարելավելու համար: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին էլ է մտահոգում երկրում երեխաների համար նախատեսված լողավազանների սակավաթիվ լինելու խնդիրը։ «Գոյություն ունի ծրագիր, որը մենք իրականացնում ենք Հայաստանի ազգային-օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, վերանորոգում ենք մարզերում բոլոր լողավազանները, որոնք Խորհրդային միության փլուզումից հետո գտնվում են վատ վիճակում: Այսօրվա դրությամբ վերանորոգվել է երկու լողավազան՝ Իջևանում և Հրազդանում, ծրագիրը շարունակվելու է: Վերակառուցված լողավազաններ կարող են հաճախել նաև փոքր տարիքի երեխաները», - ասաց փոխվարչապետը: Նա նկատեց, որ նոր լողավազաններ կառուցելը դեռևս քիչ հավանական է, քանի որ մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում: Փոխնախարարի խոսքով, մասնավոր լողավազանների գործունեությունն  ավելի շատ որպես բիզնես է դիտարկվում, այլ ոչ թե սոցիալական ծրագիր: Միաժամանակ, գոյություն ունեն նաև բացառություններ: Ղազարյանը նաև կոչ արեց նախակրթական հաստատություններին ուշադրություն դարձնել ֆիզիկական կուլտուրայի դասընթացներին,  որոնք այժմ պատշաճ մակարդակով չեն իրականացվում: