Սերժ Սարգսյանի եղբորորդին հետախուզվում է Ինտերպոլի կողմից. Վ. Օսիպյան (տեսանյութ)
Ոստիկանությունը լիովին ապահովելու է սեպտեմբերի 22-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակների ճշգրտությունը, փորձելու է նվազեցնել բացթողումները ու վերացնել որոշ երեւույթներ: Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: «Կան բազմաթիվ հայտնաբերված մահացած մարդիկ, ովքեր գրանցված են, 400 հազար անձ էլ Երեւանի կտրվածքով արդեն ստուգվել է: Ավագանու ընտրությունները կլինեն ճշտված ցուցակներով»,-ասաց նա: ՀՀ ոստիկանության պետը տեղեկացրեց, պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությանը դեռ չի հրավիրվել ու պատրաստ է առանց կաշկանդվելու դատարան ներկայանալ ու պնդել նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները: Ոստիկանապետը հիշեցրեց, որ անմիջական առնչություն ունի այդ գործին, 7-8 օր էլ մնացել է ՊՊԾ գնդում, որպես պատանդ, սակայն, որեւէ դիրքորոշում վաղ համարեց ներկայացնել, ասելով՝ արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանը ու ինքը չի կարող հանդես գալ մեկնաբանությամբ: Մարտի 1-ի գործի առումով էլ Օսիպյանը նշեց, որ դրանում իր առնչությունը այնքանով է՝ որքան մյուս ոստիկանների. «Այդ օրը, ես ի պաշտոնե պարեկապահակային ծառայության գնդապետի տեղակալ եմ եղել, և իմ առնչությունն այնքանով է, որքան ոստիկանության մյուս ծառայողներինը»: Ասուլիսի ընթացքում Օսիպյանը անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսին: Նա հայտարարեց, որ դեպքի առնչությամբ ոստիկանությունը ոչ մի բողոք չի ստացել, իսկ ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ Այսպես` կոչված՝ օրենքով գողերի՝ բնակարաններում կատարված խուզարկությունների վերաբերյալ դիտարկմանը, ոստիկանապետը պատասխանեց, որ նրանցից 4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված և դրանք գտնվում են վարույթում: « Մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ: Արդյունքներով նրանց բնակարաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութ ու ապօրինի զենք»,-տեղեկացրեց Օսիպյանը: Ի դեպ, նա նաեւ հայտնեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի հետախուզմանն արդեն միացել է նաև Ինտերպոլը: «Աշխատանքներ են տարվում։ Այլ մանրամասներ չեմ հայտնի։ Նա շուտով կհայտնվի մեր տեսադաշտում: Նարեկ Սարգսյանը սահմանը հատել է հետախուզում հայտարարելուց մի քանի օր առաջ»։ Վալերի Օսիպյանը խոսեց նաեւ ոստիկանական համակարգում մի շարք փոփոխություններ կատարելու մասին. «Խորհրդային Միության տարիներին բոլոր մարզերում ճանապարհային ոստիկանության ստացիոնար հենակետեր կային: Չի բացառվում, որ մենք այդ հենակետերը վերականգնենք, սակայն դա քննարկման կարիք ունեցող հարց է: Այս պահին ուսումնասիրում ենք ճանապարհային ոստիկանության հենքի վրա ճանապարհային պարեկային ծառայություն ձևավորելու հարցը, որը իր մեջ ներառելու է վարորդներին զսպելու համալիր գործընթաց, ինչը կնպաստի նրան, որ մենք կունենանք ավելի քիչ պատահարներ և դրանց հետևանքով ավելի քիչ զոհեր ու վիրավորներ»,- մանրամասնեց նա: Օսիպյանը նաեւ վստահեցրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կոռուպցիա չկա, առաջիկայում էլ հնարավոր է բարձրացվեն ոստիկանների աշխատավարձերը: «Այդ խնդրին շատ լավ ծանոթ է ՀՀ վարչապետը, և հենց ինքն է առաջինը շահագրգռված, որպեսզի բարձրացվեն, սակայն դա պայմանավորված է մեր երկրի տնտեսական վիճակով: Հույս ունենանք, որ կլինի տնտեսական աճ, իսկ այդ դեպքում ես համոզված եմ, որ ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան»,- հավատացրեց Օսիպյանը: Ի դեպ, մինչ Վալերի Օսիպյանի ասուլիսը, ոստիկանության գործունեության 100 օրվա մասին թվերով խոսեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: «Գործողություններ են իրականացվել ոստիկանության գրեթե բոլոր ոլորտներում, մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով հանցագործությունների թիվն աճել է, շեշտեմ՝ գրանցված թիվը: Սա մի կողմից ոստիկանության նկատմամբ վստահության արդյունքն է ու հանցագործությունները չթաքցնելու միտումը: Ոստիկանությունը հանցագործությունների վերաբերյալ 13215 հաղորդում է ստացել, նույն ժամանակահատվածում 2017-ին ստացվել է հանցագործության մասին 9730 հաղորդում: Այս ընթացքում 746 կոռուպցիոն բնույթի հաղորդում է ստացել, որից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում»,- ասաց նա: Արմեն Ղուկասյանի խոսքով, Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը բացահայտել է պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնաս, որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է: