Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Տասներեք մանեթով Սոչի էինք գնում, հը բը՞ (տեսանյութ)

Հասարակություն
papik-1

Պաշտպանական բերդից՝ զինվորական բանտ ու հրետանու պահեստարան, որը երբ կորցրեց իր ռազմական նշանակությունը, լքվեց ու դարձավ ավերակ: Հետո ռուսները բերդը հանձնեցին ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ վաճառեց մասնավոր գործարարի, նա էլ իր հերթին վերավաճառեց ու արդյունքում բերդը դարձավ մշակութային կենտրոն և հյուրանոցային համալիր:   Սա Սև բերդի կամ, ինչպես անվանում են գյումրեցիները, Սև Ղուլի կենսագրությունն է`1830 -ականներից, երբ Նիկոլայ առաջինի հրամանով այն կառուցվեց և մինչ օրս, երբ այժմյան սեփականատեր Միսակ Բալասանյանը որոշեց բերդը տուրիզմի կենտրոն դարձնել։ Իննսունամյա Աղաս պապը, կամ ինչպես պապն ինքը ներկայացավ՝ Մխոյենց Աղասը, որդուն խնդրել է իրեն բերել այստեղ, տեսնելու, թե ինչ է դարձել, ինչ տեսք ունի իր հուշը: Կարծես գոհ է: Պապն իր հավանության խոսքն է ուղղում կառուցողին ու հիշում իր Ալեքսանդրապոլ-Լեննագանը, սովետի լավ տարիները, երբ տասներեք մանեթով Սոչի էր գնում, մի մանեթով էլ պերվին կուտեր, վտորոյը կուտեր ու կոմպոտն էլ վրան կխմեր… «Հիմա տները ծախես, Մոսկվա չես կրնա էրթաս…լավն ուրանալ չի կարելի, հը բը»,- ասում է Աղաս պապը: Նրա որդին էլ իր հուշն ունի: Իր մանկության ու երիտասարդ տարիների հուշը, երբ բերդն արդեն ավերակ կանգնած էր, իսկ երկրաշարժից հետո վեր էր ածվել աղբանոցի: Հիշում է, ինչպես իննսուն չորս թվականին ընկերների հետ տարածքը մաքրեցին աղբից ու դասական համերգ  այստեղ կազմակերպեցին: Այն տարիների վարչապետ Արմեն Դարբինյանին հրավիրեցին: Եկավ, հետն էլ հյուրեր բերեց: «Ավերակ կանգնած էր, հիմա վա՞տ է, որ բարեկարգվել է, վա՞տ է, որ մշակութային օջախ է դարձել։ Գյումրեցին չի կորցրել իր ոգին, որ հիմա դուխ են ասում»,- իր գոհունակությունը չի թաքցնում Աղաս պապի որդի Սամվելը: Սամվել Մխիթարյանը Գյումրու տնտեսական և սոցիալական զարգացման տարբեր նախագծեր ու առաջարկներ է արել, հիմա էլ ծրագրեր ունի, վարչապետին է դիմել տուրիզմի զարգացման ծրագրի իր նախաձեռնությամբ ու սպասում է պատասխանի։