Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պրոֆեսորների շենքը» վտանգված է

Հասարակություն
Abovyan-32

Աբովյան 32 հասցեում այսպես կոչված «Պրոֆեսորների շենքը» վտանգված է։ Բնակիչները հերթական անգամ ստիպված են պայքարել, որ բնակելի շենքը չդառնա բիզնես կենտրոն։ Չունենալով բնակիչների համաձայնությունը՝ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատեր Սուսաննա Գալստյանը շինարարություն է սկսել՝ շենքի դիմային մասից նոր մուտք բացելու և հետագայում բնակարանը բիզնես նպատակով օգտագործելու համար։ Շինարարություն կատարելու համար կա քաղաքապետարանի թույլտվությունը, որին դեմ չէ նաև Հուշարձանների պահպանության կոմիտեն, մինչդեռ Կառավարության 2004 թ. N 1616-Ն որոշմամբ շենքը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ «Ես չեմ հասկանում քաղաքապետարանի մոտիվացիան, որն է նպատակը, որի համար կարելի է 34 թվի շենքի կրող պատը քանդել»,- նշում է շենքի բնակիչ Սեդրակ Առաքելյանը։ Շինարարությունն իրականացնողները, սակայն չունեն միայն Տարածքային կառավարման մարմնի թույլտվությունը, որի պատճառով է միայն ոստիկանությունը բնակիչների ահազանգով կասեցնում շինարարությունը։ Շինարարության նախագիծը ստանալուց անմիջապես հետո բնակիչները դիմել են դատարան, քանի որ վստահ են՝ թույլտվությունը ստացվել է օրենքի խախտմամբ։ «Կառուցապատողը փորձում է մինչև հայցը դատարան մտնելը դուռը քանդի, որպեսզի փաստ ունենա, մենք էլ փորձում ենք դա կանխել, որպեսզի դատարանը որոշի, դա օրինական է, թե՝ ոչ»,- հավելեց մեկ այլ բնակիչ։