Վերջնագիր՝ «Սանիթեքին» (տեսանյութ)
![Untitled4 Untitled4](/static/articles/19/04/32/l-71ZpJDdtcI.jpg)
«Դուք ունեք յոթ օր Երեւանը Դ կետից Ա կետ բարձրացնելու համար. Ինչ խնդիրներ ունեք՝ դա մեզ չի հետաքրքրում»: Սա այն վերջնագիրն է, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր ներկայացրեց «Սանիթեք Հայաստան» ընկերության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: «Սանիթեք Հայաստանը»՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ», թափոնների կառավարման միջազգային ընկերության մասնաճյուղն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լիբանանում։ Ընկերությունը 2014 թ. դեկտեմբերից աղբահանության աշխատանքներ է կատարում Երևանում։ Սանիթեքը հաղթել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում: Երևանի 12 վարչական շրջաններից 11-ում աղբահանության աշխատանքներն իրականացնելու համար, ընկերությունը սկզբնապես ներդրել է 10 միլիոն եվրո, նախատեսելով 2015 թ. ավարտին արդեն ներդրումները հասցնել 20 միլիոն եվրոյի: Բողոքի ակցիայի ժամանակ «Ելք»-ի անդամները բարձրախոսներով հայտարարեցին իրենց պահանջները: «Սանիթեքը չի ապահովում աղբահանման բնականոն ընթացքը, մայրաքաղաքը թաղված է աղբակույտի ու գարշահոտության մեջ: Եվ սա այն ժամանակահատվածում, երբ զբոսաշրջիկների թիվը մեծանում է. Չի ստացվում իրենց մոտ, ծախսելով միլիոնավոր դոլարներ՝ չեն կարողանում ապահովել արդյունավետ կառավարում»,-ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: «Ամեն առավոտ ստանում ենք բազմաթիվ լուսանկարներ եւ փաստեր, որոնք վկայում են, որ «Սանիեթեքը» աղբահանությունը պատշաճ չի իրականացնում, ու լինելով միակ աղբահանող ընկերությունը՝ արդեն երկու տարի խոստումերով խաբում է բոլորին»,-ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Բողոքի ակցիային միացան նաեւ ընկերության գրասենյակի տարածքում բնակվող քաղաքացիները: Ըստ նրանց, ամառվա այս շոգին ստիպված փակում են պատուհանները, քանի որ դրսից եկող աղբի հոտը լցվում է բնակարանները, ահավոր աղմուկ են բարձրացնում նաեւ աղբահանող մեքենաները: Քիչ անց, ակցիայի անդամների հետ հանդիպման եկավ «Սանիթեքի» ղեկավար Նիկոլաս Թավիլը, որին նրանք հանձնեցին պահանջագիր-նամակը: Խոստացավ պատասխանել դրան: «Երեկ մեր մամուլի ասուլիսի ժամանակ հանդես ենք եկել հայտարարությամբ եւ քննարկել խնդիրերը: Հարգում ենք «Ելք»-ի եւ բոլոր բնակիչների տեսակետները»,- ասաց նա: Ըստ Թավիլի, Հայաստանում երեքամյա գործունեության ընթացքում խնդիրներ եղել են: Նախորդ տարի ութ օրով, այս տարի՝ երկու շաբաթով: «Այո, սխալներ կան: Մի մասը մեր , մյուսը՝ արտակարգ պայմանների պատճառով։ Կլուծենք բոլոր խնդիրները՝ կամաց-կամաց։ Երեկ ասուլիսի ժամանակ ներկայացրեցինք, թե ինչ ենք անելու եւ որքան կարժենան այդ ծառայությունները: Մենք չենք խուսափում պատասխանատվությունից, ու եթե ցանկանում եք, կարող ենք միասին գնալ մեր գրասենյակ նստել, քննարկել բոլոր խնդիրները միասին»,-ասաց նա: Իսկ մինչ «Սանիթեք» -ը կլուծի ներքին խնդիրները, «Ելք»-ը նաեւ տեղեկացրեց. կետ առ կետ ուսումնասիրելու է Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագիրը: Համոզված են՝ կհայտնաբերեն բազմաթիվ խախտումներ։ Այդ դեպքում արդեն, ըստ «Ելք»-ի ՝ ելքը մեկն է՝ «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարել: