Փորձ է արվում վարկաբեկել իմ անունն ու գործարար համբավը. Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել. Թերթ
Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ վերջին շրջանում ուղղորված արշավ է սկսվել իր դեմ: Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից: Արսենյանը նշել է այն մարդկանց անունները, ովքեր կանգնած են իր երկարամյա բիզնես-գործունեությունը տարաբնույթ վարկաբեկիչ ապօրինությունների հետ կապելուն ուղղված արշավի ետևում և ներկայացրել դեպքերի նախապատմությունը: ԱԺ պատգամավորի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցներով, որոշ շահագրգիռ մարդկանց կողմից չպատճառաբանված, անհարկի անվանարկվում է իմ անունն ու բարի համբավը` փորձելով ինձ և իմ երկարամյա բիզնես-գործունեությունը կապել տարաբնույթ վարկաբեկիչ ապօրինությունների հետ։ Մասնավորապես, այսպես ասած այդ «սև գործին» լծվել են Գորիս քաղաքի բնակիչ, նախկինում խարդախության համար դատապարտված և մի շարք քրեական պատմությունների մեջ ներքաշված Կորյուն Հակոբյանը ու իր հանցավոր գործընկեր` Վայոց Ձորի Գետափ գյուղի բնակիչ Մուրադ Մուրադյանը։ Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և այլ լրատվամիջոցներում օգտատերերի հետաքրքրությունն ու նկատի ունենալով այդ կապակցությամբ տրված տարաբնույթ մեկնաբանությունները՝ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այդ վարկաբեկման արշավին նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին: Դեռևս 2001 թվականին մեղայական կեցվածք ընդունած, զղջալով իր գործած սխալների համար, Կորյուն Հակոբյանը ինձ է ուղարկել մի հայտարարություն, ըստ որի՝ 1996 թվականին վերջինս ու Մուրադ Մուրադյանը մեր համատեղ գործունեությունը սկսելիս որևէ գումար չեն ներդրել, այլ դրանք ներդրվել են իմ կողմից: Իմ ներդրած գումարներով է ձևավորվել իմ և նրանց համատեղ բիզնեսը։ Այս հայտարարությունը ստորագրելուց 17 տարի հետո, չարաշահելով հեղափոխության փաստն ու խնդիրները բարձրաձայնելու իրավունքը, այդ մարդիկ զբաղված են իրենց բնորոշ ապօրինի գործողություններով։ Հայաստանում ապրիլյան սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո ինձ և իմ մտերիմներին սկսել է զանգահարել Կորյուն Հակոբյանը և հայտնել, որ պահանջում է ինձնից մեծ գումար, հակառակ դեպքում խոստանում է, որ «հեղափոխության ֆոնի» վրա կսկսի հրապարակել իրեն հայտնի ինձ վարկաբեկող նյութեր: Ճանաչելով Կորյուն Հակոբյանին՝ ես մերժել եմ շորթմամբ ինձանից գումար հափշտակելու «առաջարկը» և նրան զգուշացրել, որ իր գործողություններն անօրինական են, քրեորեն պատժելի: Դրանից հետո, իր ապրելակերպին և գործելաոճին համապատասխան, Կորյուն Հակոբյանը անցավ իր խոստման իրականացմանը` սկսեց տարբեր սոցիալական կայքերի միջոցով ինձ անվանարկող հոդվածներ տպել, հերյուրանքներ տարածել, զոհի կերպարի տակ թաքցնելով իր` շորթմամբ ինձանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձերը: Նման գործելաոճով հաջողության չհասնելուց հետո, հանցակից գործընկերներ Կորյուն Հակոբյանն ու Մուրադ Մուրադյանը նախաձեռնեցին ինձ վարկաբեկելու գործողությունների մեկ այլ շարք: Մասնավորապես, օգտվելով իրենց կամքից անկախ ընձեռված հնարավորությունից` 2018 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում քաղաքում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Մուրադ Մուրադյանը իմ անձը վիրավորող և գործարար համբավը արատավորող հերյուրանքներից զատ հայտարարեց նաև, որ ես 2003 թվականին պատվիրել եմ իր սպանությունը։ Ավելորդ չեմ համարում շեշտել, որ Մուրադ Մուրադյանը, մարդկային իր տեսակով և հանցավոր գործելաոճով ներգրավված լինելով տարատեսակ քրեական պատմությունների մեջ, որպես նշվածի տրամաբանական հետևանք, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ենթարկվել է հարձակման, որի համար իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործով կատարված քննությամբ բացահայտվել են նրա սպանության պատվիրատուները: Մինչդեռ այդ պայմաններում այնուամենայնիվ, Մուրադ Մուրադյանը չի խորշում հրապարակայնորեն ստելուց և իմ անունը իր անհարկի շահարկելուց։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում