«Բանանցի» սեփականատերը լուրջ խնդիր է դրել թիմի առջեւ
Երեւանի «Բանանցը» լուրջ նպատակներ է հետապնդելու վաղը մեկնարկելիք Եվրոպայի լիգայում: Այդ մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: «Ակումբի սեփականատերը դեռեւս վիճակահանությունից առաջ թիմի առջեւ խնդիր էր դրել նվազագույնը հաղթահարել առաջին երեք փուլերը: Ինչպես գիտեք, եթե մենք մտնենք որակավորման 2-րդ փուլ, ապա այնտեղ մեր մրցակիցը լինելու է իտալական «Ատալանտան»: Չնայած նման բարդ վիճակահանությանը, մեր խնդիրը մնում է նույնը՝ հասնել մինչեւ 3-րդ փուլ», - ասաց «Բանանցի» գլխավոր մարզիչը: Խոսելով առաջիկա մրցակցի՝ բոսնիական «Սարաեւոյի» մասին, Արամ Ոսկանյանը ասաց, որ իրենք լավ ուսումնասիրել են հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը: «Բոսնիացիները շատ են սիրում գնդակն իրենց մոտ պահել: Մրցակիցը համալրված է բավականին փորձառու ֆուտբոլիստներով: Առջեւի գծում բավականին լուրջ անհատականություններ կան: Մենք պետք է ձգտենք թիմային խաղ ցուցադրել, որպեսզի կարողանանք փոքրացնել մրցակցի անհատական առավելությունը», - նշեց Արամ Ոսկանյանը: «Ա1+»-ի լրագրողը հետաքրքվեց, թե որքանով թիմին կօգնի այն հանգամանքը, որ խաղը կայանալու է ակումբի սեփական մարզադաշտում: «Դա մեզ շատ կօգնի: Մենք հրաշալի մարզադաշտ ունենք եւ միշտ երազել ենք միջազգային մակարդակի խաղեր անցկացնել այստեղ: Ակումբի ղեկավարությունը մեծ ծավալի աշխատանք է տարել այդ իրավունքը ստանալու համար: Մենք պետք է օգտվենք սեփական պատերի առավելությունից եւ աշխատենք հաջող հանդես գալ», - ամփոփեց Արամ Ոսկանյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Բանանց» - «Սարաեւո» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 17:30-ին: