Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խրիստո Ստոիչկովը դժգոհ է ֆուտբոլի տեսակրկնության աշխատակիցներից (տեսանյութ)

Սպորտ
a1video-futbol

Հուլիսի 8-ին Երեւանում տեղի կունենա ֆուտբոլային լեգենդների մրցախաղ, որին կմասնակցեն Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի հանրահայտ վետերան ֆուտբոլիստներ:   Այդ հանդիպման կապակցությամբ այսօր «Մարիոտ» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսին մասնակցեցին աշխարհի չեմպիոններ, բրազիլացի Կաֆուն եւ ֆրանսիացի Վենսան Կանդելան, ինչպես նաեւ բուլղարացի հանրահայտ հարձակվող Խրիստո Ստոիչկովը:   Նրանք առաջին հերթին խոսեցին Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության, մասնավորապես՝ տեսակրկնությունների նոր համակարգի մասին:   «Ես կողմ եմ VAR համակարգի ներդրմանը, սակայն աշխարհի առաջնության ժամանակ նկատվեց, որ այն դեռեւս կատարելագործման կարիք ունի», - ասաց Վենսան Կանդելան:   Բրազիլացի Կաֆուն նույնպես կողմ է համակարգի օգտագործմանը, սակայն նա կարծում է, որ պետք է հստակեցվեն այն պահերը, որոնց ժամանակ կարելի է դիմել տեսակրկնության օգնությանը, «հակառակ դեպքում խաղը անընդհատ կընդհատվի եւ կկորցնի իր դիտարժանությունը»:   «Նոր համակարգը դեռեւս խնդիրներ ունի: Դա կապված է ոչ թե տեխնիկական, այլ մարդկային գործոնի հետ: Ֆուտբոլային դրվագները այդ համակարգով վերլուծում են բանկի, հյուրանոցի կամ դատախազության աշխատակիցները: Կարծում եմ, այդ տեսակրկնությունով պետք է զբաղվեն այն մարդիկ, որոնք ժամանակին մեծ ֆուտբոլ են խաղացել եւ ավելի լավ են հասկանում վիճահարույց դրվագները», - եզրակացրեց Խրիստո Ստոիչկովը, որը ներկայումս աշխատում է մեքսիկական հեռուստաընկերությունում: