Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողների պահանջն է՝ օրդինատուրայից հետո զորակոչվել որպես բժիշկ (տեսանյութ)

Հասարակություն
bjishk

ԵՊԲՀ մի շարք ուսանողներ դիմում են Կառավարությանը, որպեսզի իրենց հնարավորություն տրվի ավարտել օրդինատուրան և բանակ զորակոչվեն որպես բժիշկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանող Վարդան Շահինյանը: «Պաշտպանության նախարարության լիազորված անձի և մեր միջև արդեն  տեղի է ունեցել հանդիպում,  որից հետո, Պաշտպանության նախարարությունն արել է մի առաջարկություն, ըստ որի՝ տվյալ օրենքի շրջանակներում տարկետումն արդեն դուրս է եկել և տարկետման հնարավորություն կլինիկական օրդինատուրայում սովորելու համար չեն կարող տալ»: Տարկետման հնարավորություն չկա նաև ինտերնատուրայում սովորելու համար, սակայն, ուսանողի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը այլընտրանք է առաջարկում: Ըստ դրա՝ ուսանողները հնարավորություն կստանան բանակ զորակոչվելուց հետո մեկ տարի սովորել ինտերնատուրայում, որից հետո բանակում ծառայության անցնել որպես բժիշկ: «Եթե նրանք ինտերնատուրայի համար կարողանում են այլընտրանքային տարբերակ առաջարկել, ապա կարող են համարժեք այլընտրանք առաջարկել նաև կլինիկական օրդինատուրայի համար: Նրանք ասում են՝ մեզ պետք չէ կլինիկական օրդինատոր, մեզ պետք են ընդհանուր պրակտիկայի բժիշկ»: Ուսանողներն այժմ պատրաստում են առաջարկ-փաթեթ, որի մեջ հիմնավորում են իրենց առաջարկը և պատրաստվում են այն  առաջիկայում  ներկայացնել Պաշտպանության նախարարությանը: Խնդրահարույց է նաև այն, որ օրդինատուրան չավարտելու դեպքում ուսանողները չեն կարող ստանալ բժշկի լիցենզիա, հետևաբար, բանակում չեն կարող զբաղվել պրակտիկ բժշկությամբ: Նրանց փոխանցմամբ՝ օրդինատուրան ավարտելը ոչ թե ծառայությունից խուսափելու միջոց է, այլ նպատակ է հետապնդում ավարտելուց հետո բանակում ծառայել որպես լիարժեք բժիշկ, ինչպես եղել է նախկինում: