Մունդիալ-2018. Ինչո՞ւ է գերմանացի ֆուտբոլիստի կինը երկրպագում Բրազիլիային
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի դարպասապահ Կեւին Տրապը, երբ իր թիմակիցների հետ ծանր ապրումների մեջ էր գտնվում հերթական պարտությունից հետո, նրա կինն այդ ժամանակ բարձր տրամադրությամբ պատրաստվում էր իր սիրելի թիմի հանդիպմանը: Ինչպես հայտնի է, Գերմանիայի ընտրանին աշխարհի առաջնության 3-րդ տուրում Եկատերինբուրգում 0:2 հաշվով պարտվելով Հարավային Կորեայի ընտրանուն, իր պատմության մեջ առաջին անգամ դուրս էր մնացել խմբային փուլից: Կեւին Տրապը չէր մասնակցել այդ խաղին, քանի որ գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դարպասի պաշտպանությունը կրկին վստահել էր վնասվածքից նոր վերականգնված Մանուել Նոյերին: Իսկ ահա դարպասապահի կինը՝ հայտնի մոդել Իզաբել Գուլարը, նույն օրը ներկա է եղել Մոսկվայում տեղի ունեցող Բրազիլիա – Սերբիա խաղին: Վերջինս իր լուսանկարը ստադիոնից հրապարակել Իստագրամում: Զարմանալի ոչինչ չկա, քանի որ Իզաբել Գուլարը ծնունդով Բրազիլիայից է եւ այդ երկրի հավաքականի հավատարիմ երկրպագուներից է: Բրազիլացիները 2:0 հաշվով հաղթել են սերբերին եւ մտել փլեյ-օֆֆ: