Մանե Թանդիլյանը հրաժարական չի տա՝ նոր նախագիծ կներկայացնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Մեկնարկին վարչապետը կառավարության անունից շնորհավորել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդյան օրվա և բոլոր բուժաշխատողներին՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այնուհետև վարչապետն անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցին և նշել, որ այն չի ընդունել: «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, ես չեմ ընդունել հրաժարականը և մենք վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը: Պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է և ինչպես պայմանավորվել ենք նախկինում, նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի, Արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար: Մենք պետք է հանրության, մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Այն որոշման, որը մենք կայացրեցինք և ԱԺ-ն հաստատեց, առանցքային նպատակը նախ և առաջ ժամանակ շահելն է, որպեսզի խորը, լուրջ քննարկում ունենանք: Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում մի բանում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի հենց իմ նշած հարցերի լուծման համատեքստում և մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը կառավարության մյուս անդամների՝ շահագրգիռ նախարարությունների, հանրության ներկայացուցիչների հետ կաշխատի, որպեսզի առաջիկա երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ և ընդհանրապես ունենանք խնդիրների օրակարգը, ցանկը ու հասկանանք, թե դրանք ինչպես ենք քննարկելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքներին անդրադառնալու համար: «Գիտեք, որ իմ հրաժարականի պատճառը եղել է հենց սկզբունքների հետ անհամաձայնությունը և մենք պարտավորություն ունենք նաև ապահովելու համակարգի հուսալիությունն ու այն մոտեցումները, որ ներկայացվելու է Ձեզ: Պատրաստ եմ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծն իմ գործընկերներին նախնական քննարկման համար: Ես տեսնում եմ նաև հանրության ձայնը լսելի դարձնելու, նախագիծը e-draft.am հարթակի միջոցով շրջանառելու անհրաժեշտություն, որտեղ կլինեն առաջարկություններ և շատ կարճ ժամանակում մենք կամփոփենք, նախագիծը կներկայացնենք կառավարության նիստին: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք աշնանը նախագիծը բերել վերջնական տեսքի, որն ընդունելի կլինի այնպես, որ հունվարի 1-ից կարողանանք գործարկել այդ լուծումներն և մոտեցումները: Գիտեք, որ ես առիթ եմ ունեցել ասելու, որ դա ամենադժվար ու բարդ խնդիրը չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար, իրականում խորքային խնդիր կա այստեղ աշխատելու և մեկ օրն անգամ այս ոլորտում խնդիրների լուծման հնարավորություն է տալիս: Պետք է անկեղծ ասեմ, որ դա ամենադժվար հարցը չէ: Շատ խնդիրներ կան նախարարությունում և ես կշարունակեմ պաշտոնավարել այդ խնդիրների առաջնահերթությունները ձեզ ներկայացնելով և լուծումներ տալով: Շատ կարճ ժամանակում կունենանք նաև կուտակային համակարգի մոտեցումների նախագիծ այն տեսքով, որի մասին խոսեցինք»,- նշել է Մանե Թանդիլյանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Ամենակարևորն այն է, որ մենք հիմա ապահովում ենք պրոցեսների բնականոն ընթացքը և մեր հիմնական խնդիրը պետք է լինի հենց դա, որպեսզի ամեն ինչ իրականացնենք հենց հայտարարված սկզբունքների շրջանակներում»: