Օրենքը չի արգելում մարդկանց կենդանիներ պահել. Սիլվա Ադամյան (տեսանյութ)
Հայաստանի տարածքում մեծ քանակությամբ կենդանիներ կան անազատության մեջ, որոնց մեծ մասը մասնավոր հավաքածուներում են: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը: «Սա համատարած երևույթ է Հայաստանում, և քանի տարի է անընդհատ բարձրաձայնվում է այս խնդիրը: Բազմաթիվ նամակներին Բնապահպանության նախարարությունը պատասխանում է, որ չկա օրենք, որը կսահմանափակի մասնավոր անձերին կենդանիներ պահելը»: «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նշում է, որ 20 տարի է՝ այդ մասին խոսվում է, և սա միակ ոլորտն է, որում ընդհանրապես առաջընթաց չի գրանցվել: «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը մարդկային հասարակության առողջապահության և անվտանգության հիմնախնդիր է: Այն, որ մենք ունենք սրվող համաճարակային իրավիճակ,այն, որ ունենք ֆիզիկական անվտանգության խնդրի սրվող իրավիճակ հատկապես երեխաների ոլորտում՝ միանշանակ պետք է լինի Կառավարության անմիջական վերահսկողության ներքո»: Նարե Արամյանը հավաստիացնում է, որ անազատության մեջ գտնվող վայրի կենդանիներին գրանցելու դեպքում խնդիրները կպակասեին: «Եթե այսօր վայրի կենդանիները, հատկապես անազատության մեջ պահվող, մասնավորի մոտ վայրի կենդանիները լինեին գրանցված և վերահսկվող, մենք յուրաքանչյուրս կիմանայինք, թե այդ կենդանիները ինչով են սնվում, որովհետև այդ վայրի կենդանիներին չեն կերակրում նրանով, ինչը նախատեսված է զինվորի, երեխաների համար»: Նարե Արամյանը հավելեց՝ Կառավարությունը տարիներ շարունակ հատուկ հղումներ է արել և խնդիրը բարդել առանձին նախարարությունների վրա, որպեսզի ոչինչ չանի, այս իրավիճակը հենց Կառավարությունն էլ պետք է շտկի: