Խոշոր սկանդալ ֆուտբոլի Արգենտինայի հավաքականում
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սանպաոլիին մեղադրել են սեքսիզմի մեջ: Արգենտինական Radio Mitre-ի ռադիոլրագրող Գաբրիել Անյելոն իր հաղորդման ժամանակ հայտարարել է, որ 58-ամյա մասնագետը սեռական ոտնձություններ է թույլ տվել հավաքականի կին խոհարարի հանդեպ: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի կարծիքով, դա պարզապես դավադրություն է հավաքականի նկատմամբ: «Ես գիտեմ, թե նա ինչպիսի անձնավորություն է եւ չեմ կասկածում նրա ազնվության վրա: Ամեն օր այնպիսի լուրեր են տարածվում, որոնք վնաս են հասցնում ազգային թիմին ու ֆուտբոլի ֆեդերացիային: Հնարավոր է, որ դրանք պատահական չեն արվում, սակայն մեր ներկայիս խնդիրն է վայելել աշխարհի առաջնությանը մասնակցելու պահը եւ պատրաստվել առաջիկա հանդիպումներին», - ասել է արգենտինական ֆուտբոլի ղեկավարը: Արգենտինայի հավաքականն իր անդրանիկ խաղն աշխարհի առաջնությունում կանցկացնի հունիսի 16-ին, Իսլանդիայի ընտրանու հետ: