Դիմիտրի Մելնիկովը՝ Երեւանի շաշկու մրցաշարի առաջատար
Երեւանում առաջին անգամ տեղի ունեցող ռուսական շաշկու միջազգային մրցաշարում առայժմ միավոր չի կորցրել ռուսաստանցի Դիմիտրի Մելնիկովը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարում ամենաբարձր վարկանիշ (2321) ունեցող 20-ամյա գրոսմայստերը հաղթանակ է տարել նաեւ նախորդ երկու տուրերում, վաստակել է 6 միավոր եւ վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ, 7-րդ տուրում, ռուսաստանցի շաշկիստը կհանդիպի իր հայրենակից Ալիսա Շիրյաեւայի հետ: Դիմիտրի Մելնիկովին շարունակում է կրնկակոխ հետապնդել մեր ամենափորձառու շաշկիստը՝ 71-ամյա Մարատ Ղուլյանը: Նա միակ միավորը կորցրել է հենց առաջատարի հետ խաղում, իսկ մյուս տուրերում հաղթանակ է տարել եւ այժմ ունի 5 միավոր: Հաջորդ խաղում Մարատ Ղուլյանը մրցելու է միջազգային վարպետ, ռուսաստանցի Ռուսլան Պեշչերովի հետ, ով ունի 4,5 միավոր եւ Յուրի Պրոկոպենկոյի ու Ալիսա Շիրյաեւայի հետ բաժանում են 3-5-րդ տեղերը: Այսօր՝ մայիսի 31-ին, մրցաշարում հանգստյան օր է հայտարարված, իսկ վաղը տեղի կունենան դասական շաշկու մրցաշարի վերջին երկու՝ 7-րդ եւ 8-րդ տուրերի հանդիպումները: