Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
Մոտ 5 տասնյակ բուժաշխատողներ, այսօր աշխատանքային օրվա հենց սկզբից գործադուլ են հայտարարել։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքում են քաղաքապետարանի կողմից նշանակված պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սոնոգրաֆիստ Նունե Խաչատրյանի դեմ։ Գործադուլ հայտարարած բժիշկներն ու բուժքույրերը դժգոհում են, որ քաղաքապետարանն իրենց ցանկությունը հաշվի չի առել, իսկ իրենց ցանկությունն է որպես տնօրեն տեսնել նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանին։ Բուժաշխատողները երեկվանից են բողոքում Ժամանակավոր պաշտոնակատարի դեմ, որն իդեպ հենց երեկ է նշանակվել այդ պաշտոնին, և այսօր արդեն դիմում-բողոք են ներկայացնելու Կառավարությանը , Առողջապահության նախարարությանը և ինչպես իրենք են ասում՝ հնարավոր բոլոր պատկան մարմիններին։ Նշենք, որ պոլիկլինիկան ունի 160 աշխատակից, որից 110-ը ստորագրահավաք են կազմակերպել Նունե Խաչատրյանի դեմ։ Ակցիայի մասնակիցները «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին, որ երեկ, Նունե Խաչատրյանն իրենց հետ խոսելիս, բուժքույրերին անվանել է տեխնիկական աշխատողներ և մատ է թափ տվել նրանց վրա։ Նունե Խաչատրյանը հերքեց բուժքույրերի ասածը, հայտարարելով, որ դա սուտ է և որ բուժաշխատողները ստում են։ Նունե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա Տարոն Մարգարյանի որոշումն է և եթե նա որոշի որ ինքը չպետք է լինի տնօրեն, ինքը չի լինի։ Իսկ, թե իր անձնական որոշումը որն է այդպես էլ չասաց։ Թիվ 16 պոլիկնլինիկայում են նաև ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավելացրեց, որ իրենք գալիս են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունից, որտեղ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, նախկին տնօրենի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ։