«Արսենալը» գլխավոր մարզչի նոր թեկնածու է գտել
Լոնդոնի «Արսենալը» նոր մրցաշրջանից կարող է գլխավորել իսպանացի մասնագետ Ունայ Էմերին: Այդ մասին հայտնում է անգլիական express.co.uk կայքը: Ինչպես հայտնում է աղբյուրը, լոնդոնյան ակումբը արդեն հրաժարվել է իսպանացի մեկ այլ մասնագետ Լուիս Էնրիկեի ծառայությունից: Իսկ ահա մյուս գլխավոր թեկնածուն՝ իտալացի Մասիմիլիանո Ալեգրին, հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Արսենալ» եւ որ ցանկանում է «Յուվենթուսի» հետ հաղթել չեմպիոնների լիգայում: Ունաի Էմերին, որը Փարիզի «ՊՍԺ»-ի հետ այս տարին նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը եւ երկու գավաթները, մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը, քանի որ չի կարողացել կատարել իր առջեւ դրված գլխավոր խնդիրը՝ այն է, նվաճել եվրոպական չեմպիոնների գավաթը: Ըստ լրատվամիջոցի, «Արսենալը» ընդամենը մեկ խնդիր ունի իսպանացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու հարցում: Դա աշխատավարձի չափն է: Ունաի Էմերին տարեկան պահանջում է 8,5 մլն ֆունտ սթեռլինգ, ինչը բավական բարձր են համարում լոնդոնյան ակումբում: Այն, թե ով կդառնա «Արսենալի» նոր գլխավոր մարզիչը, հայտնի կդառնա այս ամսվա վերջին կամ էլ հուլիսի կեսերին: Դա արդեն կապված է ակումբի ղեկավարության դիրքորոշումից: