ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԹիվ 3-րդ ընտրատարածքում առաջադրված «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության» (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանը դժգոհում է, որ «իր» ընտրատարածքում «միօրինակ պլակատային պայքար է գնում»: Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող այս, ինչպես եւ մյուս ընտրատարածքներում, ըստ նրա` չկա ոչ մի գաղափարական պայքար: «Իսկ ո՞ր տարածքում է գաղափարական պայքար ծավալվում: Գաղափարներն այսօր, ցավոք սրտի, լղոզվել են՝ աջ կուսակցությունները խոսում են ձախերին բնորոշ կարգախոսներով եւ հակառակը: Խիստ կասկածում եմ այսօրվա քաղաքական ուժերի ազնվությանը, որոնք իրենց գաղափարախոսությանը հատուկ կարգախոսեր են իջեցրել հրապարակ: Բոլորն էլ ուզում են ժողովրդին դուր գալ եւ գալով իշխանության՝ մոռանում են այդ մասին»,- համոզված է պարոն Սաֆարյանը:
Նրա վստահեցմամբ այդ «պլակատային հոգեբանությունը» ինչ-որ չափով ներազդում է մարդկանց վրա, որ իրենց ձայները վաճառքի հանեն: Նրանք կարծում են, որ «եթե մեծ պլակատներ են փակցնում, ուրեմն մեծ հնարավորություններ ունի այդ թեկանածուն, գնանք նրա մոտ՝ ակնկալելով նյութական աջակցություն»: «Այդ ոչինչ չասող պլակատներով փորձում են մարդկանց ապակողմնորոշել: Միթե՞ պլակատի մեծությամբ է որոշվում մարդու մեծությունը, արժեքը: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ որքան մեծ են պլակատները, այնքան փոքր են մարդիկ իրենց էությամբ»,- ասում է ՀԱՄԿԿ նախագահը: Մարդկանց հետ ունեցած իր հանդիպումներից նա եկել է այն եզրակացության, որ նրանք հիասթափված են եւ չեն ցանկանում գնալ ընտրությունների՝ ասելով, թե «եկանք ու ընտերցինք, արդյոք ինչ-որ մի բան կփոխվի՞»: «Ես էլ ասում եմ, որ կփոխվի, եթե դուք ձեր ձայները այս կամ այն բախտախնդրի չվաճառեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Վստահեք նրանց, ովքեր քաղաքական ճանապարհ են անցել եւ անբասիր կենսագրություն ունեն»,- բացատրում է Սաֆարյանը:
Նա չի ընդունում իշխանությունների այն մարտավարությունը, որ «պոտյոմկինյան գյուղերի նման» միտինգներ են հրավիրում եւ հավաքվածների 80 տոկոսին իրենք են բերում իրենց հետ, եւ հետո էլ ասում՝ տեսա՞ք, ինչքան մարդ եկավ: «Այդպես չէ իրողությունը, գնացեք ժողովրդի մեջ եւ տեսեք, թե ինչպիսի դժգոհություններ կան: Դրա համար իշխանությունը պետք է դեմքով շրջվի դեպի ժողովուրդը, այլ ոչ թե գնա ու ոչինչ չտեսնի»,- կարծում է Վազգեն Սաֆարյանը: Այդ իսկ պատճառով՝ նա անցնում է «յուրաքանչյուր բակից բակ, խոսում մարդկանց հետ, ներթափանցում նրանց հոգու մեջ, աչքով տեսնում նրանց, շոշափում նրանց տրամադրությունները, փորձում հասկանալ, թե ինչ են ցանկանում նրանք»: Օրինակ՝ Քանաքեռում մի մարդ Սաֆարյանին առաջարկել է երթուղային տաքսիներից առաջացած հասույթներով առնվազն 5 հազար դրամով բարձրացնել թոշակները: «Մարդիկ մտածում են, առաջարկություններ են անում, եւ մեր խնդիրն է հավաքել այդ ամենը: Դա մեր քաղաքական արսենալի ամենամեծ հարստությունը պետք է լինի»,- նշում է նա: Իսկ այս իշխանությունների մասին յուրաքանչյուրը, ըստ նրա` կարող է դատողություններ անել «իր սառնարանի պարունակությամբ», որը գրեթե միշտ դատակ է:
Իր ընտրվելու հնարավորությունները Սաֆարյանը շատ բարձր է գնահատում, եւ եւս մեկ անգամ կոչ անում՝ 5 հազար դրամով չվաճառել ձայները, արժանապատվությունը: «Հայաստանը դարձրել են չարչիների ու բազարի երկիր, մինչդեռ այն պետք է լինի արտադրության ու արդյունաբերության երկիր, որտեղ գերակա շահը սոցիալական խնդիրը պետք է լինի»,- ավարտեց իր խոսքը Վազգեն Սաֆարյանը: