Հայաստանի ազատ ոճային ըմբիշները դուրս մնացին չեմպիոնական պայքարից
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները չկարողացան հաղթահարել Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության որոկավորման փուլի արգելքը եւ դուրս մնացին չեմպիոնական պայքարից: 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում հաղթեց ռումինացի Անդրեյ Դուկովին, սակայն հաջորդ մրցամարտում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող վրացի ըմբիշ Գեորգի Էդիշերաշվիլուն՝ 0:10: 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը արդեն մեկնարկում զիջեց 2016թ օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլուն: Վալտեր Մարգարյանը 70 կգ քաշային կարգում պայքարը սկսեց ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների նկատմամբ տարած վստահ հաղթանակով՝ 10:0, սակայն քառորդ եզրափակիչ մարտում տանուլ տվեց ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւին՝ 6:9: Առաջնությունը հաղթանակով մեկնարկեց նաեւ 79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը, որը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով ջախջախեց ֆինն ըմբիշ Հենրի Սելենիուսին, բայց հաջորդ փուլում պարտվեց ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովին՝ 1:6: Ադրբեջանական արգելքը չկարողացավ հաղթահարել նաեւ մեր 97 կգ քաշային ըմբիշ Գեորգի Կետոեւը, որը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ տանուլ տվեց Նուրմագոմեդ Գաջիեւին՝ 0:3: Նշենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանն ավարտեց ելույթները, քանի որ նրան հաղթած վրացի մարզիկը նույնպես պարտություն կրեց: Մեր մյուս չորս ըմբիշները պետք է սպասեն կիսաեզրափակիչ մենամարտերին, որից հետո պարզ կդառնա, թե նրանցից ով կմասնակցի սփոփման մրցաշարին եւ կպայքարեն բրոնզե մեդալի համար: