«Սասնա ծռեր»-ին դատարան չէին բերել
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամներին այսօր կրկին դատարան չէին բերել: Նոր նշանակված դատավոր Արշակ Վարդանյանը ստիպված դատական նիստը հետաձգեց: Արշակ Վարդանյանն այս գործով արդեն երրորդ դատավորն է: Նա դատավարության մասնակիցներին չի տեղեկացրել, թե ինչ հիմքով կալանավորները չեն բերվել դատարան: Պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը միջնորդել է դատարանին գրություն ուղարկել ոստիկանության ուղեկցող գումարտակին եւ պարզաբանում պահանջել, ինչու իրենց պաշտպանյալներին դատարան չեն բերում: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարել է միջնորդությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից, երբ Երեւանում ներքաղաքական իրավիճակը սրվեց, որեւէ կալանավորի դատարան չեն բերում: Ոստիկանության ուղեկցող գումարակի աշխատակիցները եւս հասարակական կարգ էին պահպանում: Գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ մայիսի 11-ը: