Բանկի մոտ մահացու վիրավորում ստացած անձը ՊՊԾ ջոկի հրամանատար էր
«Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- այս մասին իր ֆբ-յան էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությունը Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս նրա արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացավ ոստիկանության ծառայող Արա Շախգուլյանը: Բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը: Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը ծնվել է 1973 թ., Երևանում: Ոստիկանությունում ծառայում էր 2000 թ. ապրիլից: 2000-2008 թթ. ծառայել է ոստիկանության պետական պահպանության վարչությունում, 2008 թ. հունիսից` ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակետային ծառայության գնդում. սպասարկում էր Արաբկիրի տարածքը: Դասակի հրամանատարի օգնական էր, ինքը և ջոկի հրամանատար: Արա Շախգուլյանը պարտաճանաչ, սկզբունքային ոստիկան էր, ծառայում էր պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումով: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: Վստահելի գործընկեր էր, սրտացավ, պատրաստակամ մարդ: Օրինակելի ընտանիքի հայր էր, ուներ երկու որդի: Մեր գործընկերոջ կորստի ցավը մեծ է, վիշտը` անամոք: Խորապես ցավակցում ենք Արա Շախգուլյանի ընտանիքի անդամներին ու կիսում նրանց վիշտը: