Շարմազանովը դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 8-ին կայանալիք ընտրությանը դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Նրա խոսքերով՝ իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում եղել է ժողովրդավարության եւ այլակարծության կողմնակից. «Շարմազանովն այն անձնավորությունը չէ, որ իր սկզբունքները կարող է պահի տակ փոխել: Հանուն Հայաստանի մեր խմբակցությունը կքվեարկի, որպեսզի մենք ունենանք վարչապետ, բայց հանուն Հայաստանի պետք են նաեւ սկզբունքային, այլ ոչ թե օրը երեք անգամ կարծիքը փոխող քաղաքական գործիչներ: Մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի քաղաքական ճգնաժամը չխորանա եւ մենք ունենանք վարչապետ, կարեւորը սա է, մնացածն էական չէ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կշարունակի՞ ղեկավարել կուսակցությունը, Էդուարդ Շարմազանովը նշեց՝ նման հարց կուսակցությունում դեռ չեն քննարկել: Նա միաժամանակ ճիշտ է համարում, որ Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել կուսակցությունը :