Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԼՄ-ների կայունությունը՝ որպես անկախության բանալի

Հասարակություն
Veselin-at-media-couching_0

Կոստա Պավլովիչ Ամեն տարի մայիսի 3-ին աշխարհը նշում է Մամուլի ազատության միջազգային օրը: Այդ օրը մենք հիշում ենք ազատ մամուլի՝ որպես ժողովրդավարության անկյունաքարի դերը, ԶԼՄ-ներում բազմակարծության կարեւորությունը, քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելիս օբյեկտիվ, որակյալ ու էթիկական լրագրության նշանակությունը եւ լրագրողների շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ իշխանությունների հաշվետվողականության ապահովման նրանց գործառույթը: Մենք շատ ենք լսում մամուլի անկախության մասին, բայց ավելի քիչ՝ թե ինչ է այն իրականում նշանակում: Մենք մտածում ենք լրագրողների անկախ կարծիքի մասին, ովքեր զբաղվում են հետաքննությամբ եւ հաճախ բախվում են ուղղակի սպառնալիքների, բայց ավելի քիչ՝ լրատվամիջոցների ղեկավարների մասին, ովքեր գործում են նրանց թիկունքում՝ գրասենյակներում՝ ապահովելով այդ լրագրողների նյութերի եթեր դուրս գալը կամ տպվելը, ինչպես նաեւ աշխատավարձերի եւ մատակարարների վճարումը: Եվրոպական Միությունը հստակ իրազեկված է նշված հիմնախնդրի մասին: Նախորդ տարվա սեպտեմբերին կայացած Արեւելյան Գործընկերության մեդիա համաժողովի ժամանակ Եվրոպական հարեւանության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն ասել է. «Ազատ լրագրության սպառնալիքներն ունեն համալիր բնույթ: Թաքնված շահերը եւ ԶԼՄ-ների կենտրոնացված տիրապետումը դժվարացնում են ազատ մամուլի գոյատեւումը»: Հանձնակատար Հանը նաեւ ընդգծել է «ԶԼՄ-ների տնտեսական կայունությանը հասնելու ուղիների փնտրման» կենսական կարեւորությունը: «Առկա են բովանդակության ստեղծման եւ լրագրողական գործունեության աջակցման բազմաթիվ հնարավորություններ, բայց տեղական լրատվամիջոցներն ունեն լրացուցիչ օգնության կարիք, որպեսզի կայունանան»,- հաստատում է չեխական ամենահին եւ առավել հեղինակավոր օրաթերթի՝ Lidové noviny-ի տնօրեն  Վեսելին Վաչկովը, ով աշխատում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող OPEN Media Hub (ԲԱՑ մեդիա հանգույց) ծրագրի հետ՝ ղեկավարելով եւ անցկացնելով լրատվամիջոցների կառավարման վերաբերյալ մի շարք աշխատաժողովներ եւ վարպետության դասեր Արեւելյան գործընկերության երկրներում: Դրանք կենտրոնացած են եղել կազմակերպական եւ ֆինանսական կառավարման հմտությունների զարգացման ու տպագիր եւ առցանց մեդիայի եկամուտների աճի ուղիների վրա: Վաչկովն ասում է, որ այն լրատվամիջոցները, որոնց հետ ինքն աշխատել է Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում, իրազեկված են լրատվական էթիկայի մասին եւ քրտնաջան աշխատում են, որպեսզի գործեն հավասարակշռված ու կատարեն որակյալ աշխատանք՝ «նույնիսկ արեւմտյան չափանիշներով»: «Բայց եթե դուք կախում ունեք պետության, տեղական գործարարի կամ օլիգարխի աջակցությունից եւ նույնիսկ ԵՄ փողերից, ապա շուտով կհասկանաք, որ դուք բոլորովին էլ ազատ չեք»: «Անկախ լրատվամիջոցների չեզոքացման գործում ֆինանսական ճնշումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան բացահայտ քաղաքական ճնշումը»,- ասում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում գործող առաջատար անկախ լրատվամիջոցի՝ PRO TV հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Արթուր Կորգենչան: «Ֆինանսական անկախությունը խմբագրական անկախության հոմանիշն է: Մոլդովական իշխանությունները հասկացել են դա եւ փորձում են դժվարացնել անկախ լրատվամիջոցների գոյատեւումը», - ասել է Կորգենչան: Նախորդ տարի իշխանությունները սահմանեցին նոր կանոններ, որոնք հեռուստաալիքներին պարտավորեցնում են ամեն օր առնվազն 8 ժամ թողարկել տեղական արտադրության ծրագրեր, որոնցից 6-ը՝ փրայմ-թայմի ժամանակ: «Բացի այն, որ այդ որոշումը չափազանց ծանր ֆինանսական բեռ է հիմնական հեռուստաալիքների, այդ թվում` PRO TV Chisinau-ի համար, դա նշանակում էր, որ հեռուստաընկերություններին չի թույլատրվել հեռարձակել արտասահմանյան արտադրության բարձր ռեյտինգային ծրագրեր փրայմ-թայմի ժամանակ, ինչպես, օրինակ, ֆուտբոլային հանդիպումներ կամ հոլիվուդյան ֆիլմեր, իսկ դրանք այն ծրագրերն են, որոնք գովազդ են ներգրավում եւ, հետեւաբար, նաեւ փող»,- ասում է Կորգենչան: PRO TV-ին հաջողվեց հետ քայլ անել անդունդի եզրից Եվրոպական Միության կողմից աջակցվող Ժողովրդավարության աջակցման եվրոպական հիմնադրամի (EED) օժանդակությամբ, որը դրամաշնորհներ է տրամադրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խթանման հարցերով զբաղվող կազմակերպություններին: EED-ի ֆինանսավորումը օգնեց PRO TV-ին մշակել 4 նոր շոու, այդ թվում` Մոլդովայում ամենահանրահայտ ծրագրերից մեկը դարձած «In PROfunzime» ամենշաբաթյա քաղաքական թոք-շոուն, ինչպես նաեւ հանրահայտ ժամանցային հաղորդումներ: «Շնորհիվ EED-ի աջակցության մենք ոչ միայն կարողացել ենք համապատասխանել տեղական արտադրության քվոտային, այլեւ ավելի կայուն հիմք ենք ստեղծել ապագայի համար», - ասում է Կորգենչան: «Քանի որ նշված շոուները տարածված են եւ բարձր վարկանիշ ունեն, մենք համոզված ենք, որ հետագայում այդ ծրագրերի շնորհիվ նաեւ գովազդ կներգրավենք, չնայած դժվարին հանգամանքներին»: EED-ի աջակցությունը PRO TV-ին օգնել է նաեւ արտադրական ստեղծագործական թիմերի եւ տեղական կարողությունների ստեղծման հարցերում: «Այս թիմերն այժմ ունեն շոուների արտադրությունը շարունակելու եւ հետագայում նոր հեռուստահաղորդումներ նախաձեռնելու փորձ», - ասել է Կորգենչան: Ֆինանսական ճնշումները, սակայն, միայն քաղաքական չեն: Վեսելին Վաչկովն ասում է, որ Արեւելյան գործընկեր երկրներում ԶԼՄ-ների առջեւ ծառացած մարտահրավերների մեծ մասը փաստացի շատ նման են այն ամենին, ինչը վերջին տարիներին բնորոշ է Արեւմտյան Եվրոպայի երկրներում լրատվամիջոցների լանդշաֆտին: Դրանց թվում է տպագիր ԶԼՄ-ների տպաքանակի նվազումը, որն ավելի է խորացել տնտեսական ճգնաժամի հետեւանքով, տպագիրից թվային ձեւաչափի անցում կատարելու եւ առցանց եկամուտների ավելացման դժվարությունները, նորագույն տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ գովազդային եկամուտների նվազումը: Լրատվամիջոցների կառավարման վերաբերյալ նրա դասընթացը, որը նաեւ որպես առցանց դասընթաց է հասանելի, արձագանքում է բոլոր այս հարցերին եւ ոչ միայն: «Մենք շատ դրական արձագանքներ ենք ստացել»,- ասում է Վաչկովը: «Մասնակիցները իսկապես ուրախ են այս աջակցության համար, որը շատ առողջ ապագայի համար է»: Բելառուսի առաջատար TUT.BY առցանց լրատվական կայքի գործադիր տնօրեն Լյուդմիլա Չեկինայի կարծիքով, փոքր շուկայում հաջողակ լրատվական բիզնես գործունեությունն ինքնին մարտահրավեր է: TUT.BY-ն ունի ավելի քան 50 հոգանոց խմբագրական աշխատակազմ, եւ այն ընթերցում է Բելառուսի ինտերնետ-օգտատերերի 42.9%-ը: «Հաջող ֆինանսական մոդելը անկախ լրատվամիջոցին հնարավորություն է տալիս գոյատեւել», - ասում է նա եւ ավելացնում. «Բարձր եկամտաբերությունը լրատվամիջոցին հնարավորություն է տալիս նաեւ գործել խոշոր կորպորատիվ գովազդատուներից անկախ»: Թեեւ ընկերությունը 2000 թ-ից ստեղծված ստարտափից վերածվել է խոշոր թվային մեդիա խաղացողի, նրա կախվածությունը Բելառուսի բրենդային գովազդային շուկայից եւ աճող առցանց մրցակցությունը, այդ թվում` օտարերկրյա խաղացողներից, նշանակում էր, որ TUT.BY-ն կարիք ուներ զարգացնելու իր կազմակերպական կառուցվածքը եւ ներկայացնել ավելի լավ գործառնական գործընթացներ՝ ընդհանուր խաղում առաջատար մնալու նպատակով: Դա անելու համար ընկերությունը դիմեց Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի օգնությանը, որը TUT.BY-ին կապեց միջազգային բիզնես խորհրդատուների խմբի հետ: «Ծրագիրն օգնեց ընկերությանը զգալիորեն բարելավել իր գործառնական աշխատանքը, տրամադրել խորհրդատվություն իր տեսահատվածի զարգացման եւ բյուջետավորման հարցերում, ինչպես նաեւ հնարավորություն տվեց կայացնել որոշակի ռազմավարական որոշումներ, որոնք փոխեցին ընկերության կառուցվածքը», - ասել է Չեկինան: Արդյունքում ընկերության եկամտաբերությունն աճել է 20 տոկոսով: «Իհարկե, բարելավված եկամտաբերությունն աստիճանաբար ավելացրել է խմբագրական բյուջեն եւ աշխատող լրագրողների քանակը: Մեր վաստակը կարող է օգնել մեզ պահպանել մեր անկախությունը»: Լյուդմիլա Չեկինան վստահ առաջ է նայում, սակայն գիտակցում է աճի համար դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը. «Փոքր երկրներում սահմանափակ շուկան առաջնային խնդիր է գովազդային մոդելի վրա հիմնված ԶԼՄ-ների համար: Այդ իսկ պատճառով մենք հավատացած ենք, որ դեպի մեծ շուկաներ ընդարձակվելու հնարավորությամբ բովանդակային նախագծերի զարգացումը և այլ շուկաներում սպասարկման առաջատար ընկերությունների հետ մեդիա համագործակցությունը... ամենահեռանկարային և արդյունավետ ռազմավարություններն են»: Սա Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հիշեցում է, որ անկախ լրատվամիջոցները կայուն բիզնես մոդելի կարիք ունեն, որպեսզի շարունակեն պատմություններ լուսաբանել: Վեսելին Վաչկովը լրատվամիջոցների կառավարման վերաբերյալ իր աշխատաժողովների մասնակիցներին հիշեցնում է. «Զանգվածային լրատվամիջոցի գործարկումը միայն հոդվածներ գրելը չէ: Կայունությունը ավելի մեծ մարտահրավեր է, քան որակի ապահովումը: Եվ որքանով տնտեսապես հաջողակ են լրատվամիջոցները, այնքան ազատ ենք մենք՝ որպես լրագրողներ»: Հեղինակ` Կոստա Պավլովիչ (BBC-ի նախկին լրագրող, Radio France Internationale-ի հեղինակ եւ Cyprus Mail թերթի գլխավոր խմբագիր)