Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը ճամպրուկ չէ» կամ Մարտի 1-ն ու Քոչարյանին հիշելով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
marti-1

Ռոբերտ Քոչարյանը երեկ գնահատական տվեց Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին.

«Ի՞նչ է պահանջում Փաշինյանը: Ինձ անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես:Դրանք կոնկրետ մարդիկ են, Ազգային ժողով, պատգամավորներ, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն»։

 Ռուսական  НТВ-ին տված  հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը  անընդունելի է համարում մարդկանց բազմությամբ  պատգամավորների կամքի վրա ազդելը ։

 «Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է»,- նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը  փողոցային պայքարին, պարզ է 2008թ-ից, երբ փողոց էին դուրս եկել Նախագահի ընտրությունները կեղծված համարող  հազարավոր քաղաքացիներ։    

Մարտի 1-ի արյունոտ դեպքերից մեկ օր առաջ՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հնչեցրեց երկու տարբերակ իշխանությունների համար, որպեսզի  քաղաքացին չպարտադրի իր կամքը։

 «Առաջինը` համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարվելու… Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը եւ այդ նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել»,- հայտարարեց նա։

Իշխանությունը  ընտրեց երկրորդ տարբերակը։ 2008թ  գարնան առաջին օրը Երեւանի կենտրոնում սպանվեց 10 քաղաքացի, հայտարարվեց 20 օրյա արտակարգ դրություն։   

Քոչարյանը  նույն հանդիպմանը՝  մարտի 1-ից մեկ օր առաջ  ուսանողներին ասել էր, թե հանգիստ խղճով է թողնում Նախագահի աթոռը։

Ռոբերտ Քոչարյանը  Սերժ Սարգսյանին իշխանությունը փոխանցեց 2008թ  ապրիլի 9-ին՝  մարտի 1-ի զոհերի    մահվան 40-րդ օրը։

 Ի դեպ, 10  տարի անց՝  2018թ ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հանրության պահանջով ստիպված եղավ հրաժարվել վարչապետի պաշտոնից, իր ուղերձում նշել էր.  «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»։