Մխիթարյանի գոլը «Արսենալին» չփրկեց պարտությունից (տեսանյութ)
Անգլիայի պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» իր հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Արսենալին»:
Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց տանտերերի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Ընդմիջումից հետո, 61-րդ րոպեին, «Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը: Սակայն, հանդիպման վերջին րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին խփեց երկրորդ հաղթական գնդակը՝ 2:1:
«Արսենալը» 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց այս տարի Անգլիայի առաջնությունում անցկացրած արտագնա խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդն» այս հաղթանակից հետո վաստակեց 77 միավոր եւ ապահովեց իր տեղը չեմպիոնների լիգայի գալիք մրցաշարում:
Մխիթարյանը փոխարինվել է 76-րդ րոպեին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքով՝ նա կրկին վնասվածք է ստացել:
«Մխիթարյանին փոխարինեցի, քանի որ նա կրկին թեթև հարված էր ստացել ծնկին, նույն բանը, ինչ նախկինում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
