«Սասնա ծռեր»-ը կապ չունեն փախուստի փորձի հետ (տեսանյութ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Սասնա ծռերը կապ չունեն երկու օր առաջ տեղի ունեցած փախուստի փորձի հետ: «Որեւէ մեկը «Սասնա ծռեր»-ից՝ այդ թվում իմ պաշտպանյալը՝ գործողություն չի կատարել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: Ապրիլի 25-ին , զբոսանքի ժամին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված 30 իրանցիներ, բռնություն գործադրելով անվտանգության աշխատակցի նկատմամբ, խլել են բանալիները եւ բացել թվով 6 խցերի դռները՝ այդ թվում Սասնա ծռերի: «Նրանց կողմից բացվել է նաեւ իմ պաշտպանյալի խցի դուռը եւ ի զարմանս անազատության մեջ գտնվող անձանցից, ոչ -ոք, որեւէ ակտիվ գործողություն չի կատարել, լքել խուցը, տարածքը: Ավելին՝ իրավիճակը հանդարտեցնելու, կարգուկանոնը հաստատելու հարցում հնարավորինս աջակցել են»: Պաշտպանը կասկածներ ունի, որ դա սադրիչ գործողություն է եղել. «Որպեսզի ինչ- որ սադրիչ գործողություն կատարվի, որը հնարավորություն կտար համապատասխան միջոցներ ձեռնարկել: Այնուհետեւ կվերագրեին, որ Սասնա ծռերի անդամները նաեւ կարգուկանոն են խախտում ՔԿՀ-ներում»: Արայիկ Պապիկյանն այս միջադեպը կապում է նաեւ վերջին օրերին հանրապետությունում տիրող իրավիճակի հետ, երբ բարձրացվել է քաղբանտարկյալների հարցը: «Իշխանությունները ենթադրում եմ, սադրիչ գործողություններով ցանկանում են ստվեր նետել բոլոր քաղբանտարկյալների վրա, խնդիրը լուծել եւ սադրիչ գործողությունների միջոցով հրահրել, որպեսզի օրակարգից դուրս գա այդ հարցը»: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արայիկ Պապիկյանը համոզված է, եթե նորմալ քննություն իրականացվի, իրական դրդապատճառները կպարզվեն: «Այլեւս նորություն չէ նման իրավիճակների առաջացումը, պետք է հիշենք Գեւորգ Սաֆարյանի դեպքը , օրինակներ կարող եմ թվարկել, եւ այն տարածքներում, որտեղ գտնվում են քաղբանտարկյալները»: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խցերում գտնվածները, կալանավորված այլ անձանց հետ, փորձել են դուրս գալ մասնաշենքից և կալանավորվածներին պահելու վայրից դիմել փախուստի, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Պաշտպանը նշում է, նման բան հնարավոր չէ, քանի որ ուժեղացված վերահսկողություն է իրականացվում ՔԿՀ-ում: