«Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին
Այսօր կայացած Երեւանի ավագանու նիստում որոշվել է Երեւանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցի 100 տոկոս բաժնետոմսերը նվիրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որի հաշվեկշռի մեջ է մտնում նաեւ «Էրեբունի» մարզադաշտը: «Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում եւ ապահովել վերջինիս մասնակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կողմից կազմակերպվող առաջնություններին», - նշված է որոշման նախագծում։ Պարզվում է, որ ՀԱՕԿ-ը ցանկանում է ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում, որը 2018-2019 թվականների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Ակումբը բազավորված է հենց Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցում, սակայն 1-ին խմբի առաջնության խաղերն անցկացնում է Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասում Երեւանի «Հրազդան» մարզադաշտին, Երեւանի ավագանին չի հայտնում: Սակայն փաստ է, որ այն չի ծառայում իր նպատակին, քանի որ արդեն երկու տարի է այնտեղ չեն անցկացնում ֆուտբոլային հանդիպումներ, իսկ խաղադաշտը վերածվել է իսկական անապատի: