Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ քայլը» նախաձեռնության երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
30742257_1797464193650338_496m245245843865600_n

23:00   Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն անցավ Նալբանդյան, Խանջյան փողոցով, Տիգրան Մեծ պողոտայով վերադաձավ Հանրապետության հրապարակ։ Իսկ վաղը՝ ապրիլի 20-ին կրկին վերադառնալու է Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային, որը մեկնարկելու է առավոտյան ժամը 8:15-ին։ Երեւանի բոլոր փողոցներում փակելու են ճանապարհները, այս անգամ նաեւ խոշոր բեռնատարներով, որպեսզի ոստիկանությունը չկարողանա հեռացնել դրանք։ Փաշինյանն ինքը չի ասել, թե անձամբ, որտեղ է լինելու, միանալու է այն թաղին, որ ամենաակտիվը կփակի ճանապարհը։

21.36 Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները վերադառնում են Երևանի փողոցները փակելու մարտավարությանը: Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց ապրիլի 20-ի առավոտյան 08:15-ից կրկին փակել Երևանի փողոցները: «Վաղը հայտարարում ենք բեռնատարներով Երևանի փողոցները շրջափակելու օր, որ նույնիսկ ոստիկանության քարշակները չկարողանան հանել մեքենաները»,- ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ բեռնատարների վարորդները կարձագանքեն իր կոչին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է տեղի ունենալու, որին ակնկալում են տեսնել ոստիկանությունում աշխատող հարազատներ, ընկերներ և բարեկամներ ունեցող բոլոր անձանց: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ընդամենը երկու օր առաջ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարում էր. կարող եք շնորհավորել ինձ ես վերջապես Երևանում առանձնատուն ունեցա։ Նա նկատի էր ունենում այն առանձնատունը, հանրապետության թիվ մեկ առանձնատունը, որ նրա իսկ դիմումի համաձայն Սերժ Սարգսյանին սեփականաշնորհել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Եվ երբ մենք դեռ Սպիտակում էինք և լրագրողը ինձ հարց տվեց, թե որը կլինի ապագա կառավարության առաջին որոշումը, ես ասացի առաջինը այն պետք է լինի, որ Սերժ Սարգսյանին սեփականաշնորհածայդ առանձնատունը կրկին ազգայնացնելը, որովհետև դա ՀՀ սեփականությունն է»։

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Արմեն Սարգսյանի երկխոսության առաջարկին

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կոչին երկխոսության վերաբերյալ: Փաշինյանն ասել է, որ դրա համար մի նախապայման կա՝ Արմեն Սարգսյանը պետք է տեղեկանք ներկայացնի, թե որ թվականին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունը:   20.28 Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Նա շեշտեց, որ կպահանջեր ամբողջ կառավարության հրաժարականը։  «Մենք դեմ ենք ուղղակի համակարգին։ Մենք մերժում ենք Սերժին էլ, Կարեն Կարապետյանին էլ, էս անհայտ Արմեն Սարգսյանին էլ։ Ես անձամբ կպահանջեի ամբողջ կառավարության հրաժարականը։ Բոլոր մեր դեպուտատների հիսուն տոկոսը դրսերում տներ ունեն։ Եթե պատերազմ լինի, նրանք բոլորը փախչելու են դուրս»,- ասել է Հախվերդյանը։ 20.17 Արմեն Սարգսյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությանն արձագանքել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ։ Վերջինիս հետ, որը գտնվում է Գերմանիայում կապ հաստատվեց։ Նա ակցիայի մասնակիցների համար ելույթ ունեցավ, ասելով. «Եթե միայն գիտնայիք, թե այս ահին որքան կփափագեի կանգնել ձեր կողքին։ Ուրախ եմ, որ միասնաբար, քաջորեն կանգնած եք Երեւանի պետական շենքերի, կամուրջների վրա։ Հավատացեք, որ ուժը ձեր մեջն է»,- ասել է Արսինե Խանջյանը եւ հավելել. «Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար։ Խնդրում եմ՝ այս անգամ չհիասթափվեք։  Մենք ձեզ հետ ենք։ Հեռու եք մարմնով, բայց ոչ հոգով»։ Դերասանուհին նաեւ կոչով դիմել է բոլոր ընդդիմադիր ուժերին, որ միասնաբար պայքարեն։ Դիմելով իրավապահներին, նա նշել է, որ ոստիկանները պետք է պաշտպանեն ժողովրդին, այլ ոչ օրիգարխիկ համակարգը։ «Այսօրվա համակարգը անօրեն է»,- ասել է նա։ 20.06 Իմ քայլը նախաձեռնության անդամ Մխիթար Հայրապետյանը հետադարձ հայացք նետելով Գյումրիից Երևան քայլերթին, կարևոր համարեց խոսել երկու բանի մասին՝ ուսանողության և ոստիկանության մասին. «» Ես, որպես 2008 թ. համաժողովրդական շարժման մասնակիցներից մեկը զուգահեռներ են տանում այն ժամանակվա շարժման հետ։ մենք, երբ դասադուլ էինք անում սակավաթիվ խմբերով և  երթ էինք անում և մտնում Ազատության հրապարակ, ավագ սերունդը մեզ համբուրում էր, քանի որ այն ժամանակ երիտասարդների՝ շարժմանը միանալը պատիվ էր: Այսօր շարժման հիմքի երիտասարդներ են»,- ասաց նա:  Մխիթար Հայրապետյանը դիմեց ոստիկաններին և հորդորեց քայլ անել ու միանալ իրենց:    19.30 Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ այսօր Վարդենիսում նստացույց է սկսվել, իսկ Աշտարակում քաղաքացիները ինքնակազմակերպվել են և վաղը երթով միանալու են Երևանին։    Նա հայտարարեց, որ իրենց միացել են նաև Արցախից, օրինակ՝ պատգամավոր Հայկ Խանումյանը:  «Մեր ցույցներն ու երթը շատ խաղաղ են, այս սկզբունքն է միայն մեզ հաղթանակներ պարգևել: Մենք պետք է հիշեք, որ անձնական պատասխանատվություն ենք կրում և այս հեղափոխության համար և  պետք է  պահպանենք խաղաղ անհնազանդության սկզբունքը: Որքան էլ դռներ փակեն, փշալարեր քաշեն, զորքեր կանգնեցնեն Երևանի տարբեր մասերում,նրանք չեն կարողանալու կասեցնել այս ալիք»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը: 19.00 Երևանում անձրևում է. ցուցարարները հովանոցների տակ լսում են  system of a down Քիչ անց հանրապետության հրապարակում կանցկացվի այսօրվա հանրահավաքը։ Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վաղն էլ է շարունակելու գործողությունները, որոնք չի մանրամասնում: Նրա խոսքով՝ իրենց շարժման ինքնաբուխ գործողություններն ամենահզորն էին ու մեծ քաղաքացիական աջակցություն են ստանում: Փաշինյանը, թեև խոստացավ, որ շարժումը մարելու կանխատեսումներին իր ելույթում կանդրադառնա, միևնույն է, նախապես հայտարարեց, որ նման բան չի լինի:  18.28 Ցուցարարների շարքում է դերասան Սերգեյ Դանիելյանը Հանրապետության հրապարակ Նիկոլ Փաշինյանին սատարելու է եկել դերասան Սերգեյ Դանիելյանը: Նա, պատասխանելով հարցի՝ տեսնո՞ւմ է թավշյա հեղափոխության հիմք, հայտարարեց, թե ինքը վաղուց է տեսել, դրա համար ընդունել է խաղաղ ըմբոստության տարբերակը։  «Այս մարտավարությունն ավելի ուժեղ է, քան ագրեսիան: Ոստիկանների մեջ էլ կարող են լինել նյարդային մարդիկ, ինչպես մեզ մոտ, բայց դրան պետք է չտրվենք, քանի որ, եթե տրվենք դա կբերի արյան: 

 Այդ տարբերակն ամենահեշտն է, հենց հիմա էլ կարելի է անել, իսկ խաղաղ պայքարն ուղեղ ու տրամաբանություն է պահանջում»,- շարունակեց Դանիելյանը: 

18.00 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատնից  Հանրապետության հրապարակում ցույցի մասնակիցները գնալով ավելանում են, նրանց շարքում նաև երեխաներ կան։ Պայքար, պայքար մինչև վերջ, հնչում է նրանց մանկական շուրթերից։ Նիկոլ Փաշինյանը դիմելով ոստիկաններին ասում է, որ երեխաների ներկայությունը ևս մեկ ապացույց է, որ ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Նիկոլ փաշինյանը քիչ առաջ տեղեկացրեց ակցիայի մասնակիցներին, որ Կառավարության նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարվում է իրեն նվիրած առանձնատնից։ Հանրապետության հրապարակում իրականացվում է ավտոմեքենաների ակցիա: Վարորդները Նիկոլ Փաշինյանի հորդորով ազդանշան են տալիս:  Պատգամավորն ասաց, որ անցնող մեքենաների 95 տոկոսը «սիգնալ» են տալիս:  17.38 Կառավարության շենքի դիմաց ոստիկանները պատ են կազմել Ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Փողոցի երկայնքով մեծ թվով ոստիկաններ են, ակցիայի մասնակիցները նրանց միանալու կոչեր են անում, վանկարկելով՝ «Զենքդ դիր մերժիր Սերժին»։ Ոստիկաններն ի պատասխան ասացին՝ ծառայում ենք Հայաստանի հանրապետությանը։ Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է այս պահին կենտրոնացնում կառավարության շենքի մոտ: Հիշեցնենք, որ այս պահին կառավարությունում ընթանում է վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ: Ոստիկանների մեծաթիվ հոսքը դեպի կառավարության շենք շարունակվում է: Ոստիկաններն արդեն երրորդ շարքն են կազմում, նրանք զինված են վահաններով եւ սաղավարտով: Ոստիականական ջոկատների  գործողությունները համակարգում է փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Հանրապետության հրապարակում երթեւեկությունը կաթվածահար է: Նիկոլ Փաշինյանի հորդորով քաղաքացիները ճանապարհ են բացում, որպեսզի խցանման մեջ հայտնված մեքենաներն անցնեն: