Երևանը կշրջափակենք և թույլ չենք տա ՀՀԿ-ն մտնի Երևան. Փաշինյան (տեսանյութ)
15. 35 Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ միայն անձի՝ Սերժ Սարգսյանի դեմ չեն պայքարում, այլ համակարգի: «Ինչո՞ւ ենք մենք ասում «Մերժի՛ր Սերժին», որովհետև Սերժ ասելով մենք նկատի ունենք ոչ թե Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի, մի պաշտոնյայի միայն, այլ նկատի ունենք այն քաղաքական բովանդակությունը, որը կենտրոնացած է այդ քաղաքական պաշտոնյայի, այդ ֆիգուրի մեջ»: Նիկոլ Փաշինյանը մատնանշեց Հանրապետական կուսակցության ստեղծած համակարգի ամենակարևոր բացերը, որի դեմ պետք է պայքարել: «Առաջինը՝ դա ընտրակեղծարարության համակարգն է, որը քայքայում է մեր երկրի ամենակարևոր ինստիտուտը՝ քաղաքացուն, ով ընտրում է իշխանությունը: Այս պայքարը ընտրությունների կեղծարարության և քաղաքացու անազատության դեմ է: Մենք կկարողանանք ստեղծել ընտրությունների թափանցիկությունը: Դուք գիտեք, որ ԵՄ ճնշումների տակ ներդրվեց մատնահետքի համակարգը: Այսինքն, ամեն ընտրող, որ գնում է ընտրության, երկրորդ անգամ ազդանշան է լինում մատնահետքով, որ նա արդեն ընտրել է: Սակայն թերությունն այն է, որ ընդհանուր բազայի մեջ ավելացրած չէ, այսինքն, միայն մեկ տեղամասում է գրանցվում: Պետք է լինի այնպես, որ մարդը ընտրել է Գորիսում, մեկ այլ տեղամասում, օրինակ՝ Նոյեմբերյանում էլ չկարողանա ընտրի: Հայաստանում բոլոր դեգրադացիաները ընտրական պրոցեսների կեղծարարության հետևանք են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձով մի շարք թիրախային հարցերին, որոնք, ըստ նրա՝ շտապ լուծումներ պետք է ստանան: Փաշինյանը հավելեց, որ պետք է զրոյացնել բոլոր տույժ- տուգանքները, վարկերը, որոնք ստրկացնում են քաղաքացուն, գյուղատնտեսության ոլորտում պետք է պաշտպանական մեխանիզմներ մշակվի: Անդրադառնալով բուհերը քաղաքականացված լինելուն՝ նշեց, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո, բոլոր բուհերը պատկանում են հանրապետականին և բոլոր բուհերը պետք է անցնեն 100% ինքնակառավարման: «Մենք կարող ենք արձանագրել, որ ունենք համատարած համակրանք Հայաստանում և սփյուռքում: Այդ համակրանքը արտահայտվում է, այս հրապարակում ներկա են եղել ամենատարբեր զբաղմունքի, ամենատարբեր տարիքի, սոցիալական խմբի մարդիկ, այստեղ ներկա են եղել Հանրապետության գրեթե բոլոր մարզերից: Այստեղ մեկ ու կես օրվա ընթացքում հանգանակվել է 9 հարյուր հազար դրամ: Այսօր առավոտյան Ալիկ Դեմիրճյան անունով մարդը նախաճաշ է ուղարկել Ֆրանսիայի հրապարակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ավելացրեց, որ իրենք խաղաղ քաղաքացիական անհնազանդության հիմնական գործողույթուններ են ծավալելու վաղը: Նաև կամավորների հավաքագրում է կատարվում: Նիկոլ Փաշինյանը իր ելույթում կոչ արեց բոլոր մարզերի բնակիչներին ավտոերթով միանալ իրենց՝ ճանապարհին փակելով բոլոր արագաչափերը: «Մեր գործողությունների առաջին փուլն ավարտվել է»: Ասաց Նիկոլ Փաշինյանը այսօրվա հանրահավաքում: Նշեց նաև, որ վարչապետի ընտրությունը ապրիլի 17-ին է տեղի ունենալու Ազգային ժողովում, և կոչ արեց բոլորին միանալ իրենց, շրջափակել ԱԺ շենքը, թույլ չտալու Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով կառավարումը: «Բայց նաև ավելացնեմ, որ այս քանակի մարդկանցով մեզ դա չի հաջողվի, այնպես որ կոչ եմ անում վաղը և մյուս օրը շատ մարդիկ միանան մեզ: Չնայած լուրեր են տարածվում, որ վարչապետի քվեարկությունը ԱԺ-ից կտեխափոխեն, բայց դրան էլ լուծում կգտնենք: Կամ կգնանք իրենց հետևից, կա՛մ Երևանը կշրջափակենք և թույլ չենք տա մտնել Երևան»,-ասաց Փաշինյանը: Հանրահավաքի ժամանակ ստեղծվում է հարթակ նաև բոլոր քաղաքացիների համար ներկայացնելու իրենց մտքերը, ծրագրերը, առաջարկները: Քաղաքացիներն իրենց քաղաքացիական խաղաղ անհնազանդության կոնկրետ գործողությունների առաջարկները, որը պետք է իրականացվի վաղը և մյուս օրը, կարող են անել այսօր ժամը 16:00-ին: Վաղվա և հաջորդ օրվա քաղաքացիական անհնազանդության մանրամասները Նիկոլ Փաշինյանը կներկայացնի երեկոյան՝ 18:00-ին մեկնարկելիք հանրահավաքում: Այսօր երթ չի նախատեսվում, քանի որ պետք է կազմակերպչական աշխատանքներ կատարվեն: 14.48 «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հարթակում ներկայացրեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի կոչը: «Շարժման ալիքը Հայաստանից դուրս է եկել, մեծ ալիք կա անգամ Հայաստանից դուրս: Ինչպես գիտեք, շարժման գլխավոր առանցքային կետը խաղաղ անհնազանդությունն է: Սերժ Թանկյանը հենց դրա մասին է ասել, որը շատ կարևոր է: Վաղվանից ուսանողները կարող են դասադուլ սկսել և ակտիվ մասնակցություն ունենալ այս պրոցեսին: Երեկ մուտք գործեցինք Հանրային ռադիո և իրագործեցինք մեր խաղաղ անհնազանդության քայլը: Պատմության ընթացքում շատ քաղաքական գործիչներ, քաղաքացիներ են այս քայլերին դիմել, ստիպել են իշխանություններին կանգնել փաստի առաջ, կատարել իրենց պահանջը: Վստահ եմ, որ բոլոր այն քաղաքացիները 2015-ին, ովքեր System of a Down ազատության երգերի տակ էին, ազատության ալիքը գալու է այստեղ, այս հրապարակ, բոլոր փողոցներ և մենք ունենալու ենք ազատ, անկախ անսերժ Հայաստան»,- նշեց Արմեն Գրիգորյանը: Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ նախաձեռնության անդամներից Հայկ Բարսեղյանը հավաք է կազմակերպել Գյումրիում և ավտոերթով ու բոլոր արագաչափերը փակելով գալիս է Երևան: 14.30 Այսօր ժամը 14.00-ին նախատեսված հանրահավաքը դեռ չի մեկնարկել: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին մասնակցողների թիվն աստիճանաբար ավելանում է: Նրանց տրամադրությունը բարձր է: «Ա1+»-ի հետ զրույցում նրանցից շատերը նշում են, որ համակրում են Նիկոլ Փաշինյանին: Ոմանք արդեն երրորդ օրն է Ֆրանսիայի հրապարակից տուն չեն գնացել, ակնկալում են վերջնական հաղթանակ: