Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի կենտրոնի բակերից մեկում բարձրահարկ շենք են կառուցում. ահազանգ (տեսանյութ)

Հասարակություն
abovyan-13

Աբովյան 13, 11 եւ  Թումանյան 30 հասցեի  վեցհարկանի  շենքերի  բնակիչները կանգնել են փաստի առաջ:  Բակում  12   հարկանի  բարձրահարկն է վեր խոյանալու: «Մենք լուսնից չենք իջել,  գիտենք, որ մի բան ասում են, մի այլ բան կառուցում: Այդպես չի լինի: Տվեք մեզ փաստաթղթերը, որ մենք կարողանանք համապատասխան ատյանների դիմել: Դրա մեղավորը  քաղաքապետարանն է: Շինարարության մեղավորը այդքան կառուցապատողը  չէ, որքան քաղաքապետարանը, որը մեզ այդպիսի պատասխաններ է տալիս»,- ասում է շենքի բնակիչներից Աշոտ Ամիրզադյանը:  Բնակիչներն ասում են՝  իրենց կարծիքը  հաշվի չի առնվել։  Կառուցապատման մասին էլ գլխի են ընկել, երբ   բակի կանաչ տարածքը ցանկապատվել է: «Քաղաքապետարանը որոշում էր  ընդունել, որ այլեւս կենտրոնում որեւէ շինարարություն չպետք է լինի, ո՞ւր է: Ինչու մեզ չեն հարցնում, ինչքան կարող է ժողովուրդը ապրի ցեմենտի ու բետոնի մեջ: Այսքան կտորը մենք ինքներս ենք մեր ձեռքով ջրել, սարքել»,- ասում է  Լիզա Մանասյանը, իսկ Ստեփան Սարգսյանն էլ ավելացնում է. « Եթե քաղաքապետը այս շենքի բնակիչ լիներ, արդյո՞ք նա դրական կընդուներ այս երեւույթը, բոլոր նորմաները խախտվում են»:     Տարածքի սեփականատերն ու կառուցապատողը ոստիկանության պաշտոնաթող գնդապետ  Ղևոնդ Ղալումյանն  է, որի անունը  մամուլում նախկինում շրջանառվել է երկու քրեական գործերով: Նրա ներկայացուցիչ  Գագիկ Հակոբջանյանը նշում է, որ  1217 քմ տարածքը գնվել է դեռ 2010 թ-ին: Բնակիչները սեփականատիրոջ ներկայացուցչից փաստաթուղթ էին պահանջում, որ գնել է նաեւ այգու տարածքը: Նա չի բացառում, որ ծառեր են հատվելու։ «Շինարարության մեջ լինում են նման դեպքեր, բնականաբար հետագայում դա վերականգնելու պայմանով»: Յանա Դարյանը հակադարձում է. «Ինչպես կարելի է մի ամբողջ այգի քոքահան անել, ինչ ա կռան պետք է դնեն: Հետո ասում են ծառ կտնկենք: 50 տարի է պետք, մինչեւ այսպիսի ծառեր դառնան»:   Բնակիչներն արդեն գծագրի միջոցով  փորձեցին հասկանալ, արդյո՞ք տարածքի սեփականատերն իրավունք ունի հատել ծառեր: Երեւանի կենտրոնի բնակիչները զարմանում են, թե ինչպես է այստեղ շինարարություն իրականացվելու, երբ բակում նույնիսկ իրենց մեքենաների համար կայանելու  տեղ չկա: Բնակիչները  որոշել են դատական կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները: Իսկ մինչ այդ, թույլ չեն տալու  շինտեխնիկայի մուտքը իրենց բակ: