Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները չկարողացան մտնել Կառավարության շենք (տեսանյութ)

Հասարակություն
gov

Կառավարության նիստերն այսօրվանից դռնփակ են։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը  ուժի մեջ է մտել ապրիլի 9-ից: Լրագրողներն իրավունք ունեն լուսաբանել միայն ճեպազրույցները, որոնք կկայանան մամուլի սրահում: Լրագրողները զարմանում են՝ ինչու  է սահմանափակվում նաեւ Կառավարության շենք մուտք գործելու իրենց իրավունքը: «Մենք՝ լրագրողներս, տարիներ շարունակ ապացուցել ենք, որ  անվնաս ենք եւ չի կարելի լրագրողին հավասարեցնել բողոքի ցույցի եկած մարդկանց հետ: Լրագրողը շուտ է եկել, ի՞նչ անի, դրսում կանգնի՞, ինչո՞ւ չի կարող ներսում նստի, սպասի՝ մինչեւ բրիֆինգը կայանա: Լրագրողը հավատարմագրված է եւ այդ հավատարմագիրը պետք է ուժ ունենա»,- նշեց Իրատես թերթի տնտեսական մեկնաբան Ժասմեն Վիլյանը: 2007-2008 թվականներին,  երբ վարչապետը Սերժ Սարգսյանն էր, նիստերը անցկացվել են դռնփակ։ 2008թ. ապրիլից՝ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո կառավարության նիստերը դարձան դռնբաց: Այսօր նախարարները հրաժարվեցին մինչ գործադիր մարմնի նիստը որեւէ հարցի պատասխանել: Իսկ մինչ  գործադիր մարմնի դռնփակ նիստն էր ընթանում,  բանակում խաղաղ պայմաններում զոհվածների մայրերը պահանջում էին  պատժել  իրենց  որդիների մահվան իրական պատասխանատուներին: Նրանք  չեն հավատում, որ նոր լիազորություններով օժտված վարչապետը կարող է բացահայտել իրականությունը: «Սերժ Սարգսյանը մեզ մոտեցավ ճաղերի հետեւից, խոստումներ տվեց, որ, այո, բոլոր գործերը կբացահայտվեն, ամենաշատը ես եմ ուզում, որ բացահայտվի եւ մինչեւ այսօր ոչինչ չի արվել: Ավելին, երբ Բաղրամյան 26-ում կանգնած էինք, պահանջ էինք ներկայացնում, որ խոստացել եք, ձեր խոստումը պետք է կատարեք, մեր նկատմամբ բռնություն է կիրառվել: Արդյունքում, մեր ինքնազգացողությունը վատացել է, դանդաղ մահ են մեզ տվել, մեր էրեխեքին սպանել են, մեզ էլ դանդաղ են սպանում»,- նկատեց Նանա Մուրադյանը: «Համակարգում չարորակ ուռուցք կա,  մինչեւ դա չվերացնեն, չի վերացվի: Ես 11 տարի է՝ կանգնած եմ, մարդասպաններն իրենց կողքին են»,- ավելացրեց Գոհար Սարգսյանը: Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցներն էլ պահանջում են գործարանի վերագործարկում եւ ուշացած  աշխատավարձերի տույժ տուգանքների վճարում։ «Եթե հիմա մեր գումարները տան, մոտ 12 մլն է կազմում, մեր ընտանիքի բոլոր անդամները միասին՝ 12 մլն է»,- ասաց Գեղեցիկ Մուսայելյանը:  Նաիրիտցիները ակնկալիքներ չունեն Սերժ Սարգսյանից, եթե նա նշանակվի վարչապետ։ «Մենք իրենից ոչ մի ակնկալիք էլ չունենք, ինչ արեց 10 տարի նախագահ եղած ժամանակ, որ հիմա վարչապետ դառնա ինչ անի: Փակեց գործարանները, ուրիշ ոչ մի բան չարեց»,- նշեց Մայրանուշ Քարտաշյանը: Այսօր պաշտոնյաներից որեւէ մեկը չմոտեցավ բողոքող քաղաքացիներին։