«Եթե ժողովուրդը 100 հազարներով դուրս գա փողոց և ես հաղթանակ չապահովեմ, ես կհեռանամ քաղաքականությունից» (տեսանյութ)
Ես հույս ունեմ, որ մեր դաշինքային գործընկերների հետ տարաձայնությունները կքննարկենք և կհարթենք: Այս մասին այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Ելք» դաշինքի գործունեությանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի փոշմանել իր գործընկերների հետ դաշինք կազմելուց: Նա նշեց, որ ցավում է, որ Վանաձորի ընտրությունների ժամանակ ընդհանուր լեզու չեն գտել էդմոն Մարուքյանի հետ, ու գուցե չափից շատ են իրար քննադատել, հակադրվել, սակայն նրան երբևէ հաճախորդ չի համարել: «Իմ հարգելի Էդմոն Մարուքյանը հոդվածում ասել էր, որ այն ճանապարհը, որով անցնում ենք, տրորված է, ասել էր ուրիշ ճանապարհի մասին, ես էլ ասել էի, որ մեծ հաշվով ՀՀ-ում չտրորված ճանապարհ չկա, որովհետև երբ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը ընդդիմադիր էին, դա էին ասում, որ ընդդիմությանը պետք է վերահսկողական մեխանիզմներ տալ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք որդեգրել են բռնությունը բացառող պայքար ոչ միայն որպես գործողություն, այլ նաև որպես հակագործողություն: «Ես ուզում եմ, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իմանան, որ չենք պատրաստվում նրանց ֆիզիկական կամ բարոյական վնաս հասցնել: Ես համոզված եմ, որ իշխանությունը մեծ առավելություն է ստանում այն պահից, երբ ոստիկանության առաջին շարքերին թշնամացնում է հանրահավաքի առաջին շարքերի հետ: Մենք ասել ենք, որ առանց բռնություն կիրառելու հաղթահարելու ենք ոստիկանության պատնեշները»,- ասաց Փաշինյանը: «Այս շարժումը գործողությունների շարժում է լինելու: Ես ինձ համարում եմ ժողովրդի կամարտահայտման ի կատար ածման երաշխավորը: Եթե ժողովուրդը որոշի հաղթել, նա կհաղթի: Եթե ժողովուրդը հարյուր հազարներով դուրս գա փողոց և չհաղթի, եթե ես չապահովեմ իր հաղթանակը, ես քաղաքականությունից հեռանում եմ, իսկ եթե ժողովուրդը դուրս չի գալիս, ապա այսպես թե այնպես ես չեմ կարող ապահովել այդ հաղթանակը»,-ասաց նա: