Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. Հրաշքի եւ իդեալական խաղի ակնկալիքով

Սպորտ
sport-liga

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին պատասխան հանդիպումները: Անգլիական «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կընդունի հայրենակիցներին՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին, իսկ Հռոմում տեղի «Ռոման» կհանդիպի Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» հետ: Մանչեսթրցիները հաջորդ փուլ մտնելու համար պետք է նվազագույնը հաղթեն 3:0 հաշվով, որպեսզի հակամարտությունը տեղափոխեն լրացուցիչ ժամանակ: Սակայն  «երկնագույնները» եվրոգավաթներում վերջին անգամ ռեւանշի հասել են հեռավոր 1971 թվականին, գավաթակիրների գավաթի խաղարկությունում, երբ Լեհաստանում «Գուրնիկին» 1:3 հաշվով պարտվելուց հետո սեփական դաշտում հաղթել էին 2:0 հաշվով: «Ռոման» նույնպես պետք է լուրջ խնդիր լուծի պատասխան խաղում, քանի որ առաջին հանդիպումից հետո պարտվում է 1:4 հաշվով: Իտալական ակումբն իր պատմության մեջ եվրոգավաթներում երկու անգամ կարողացել է ռեւանշի հասնել պարտությունից հետո, սակայն երկու դեպքում էլ հարկ է եղել հաղթահարել երկու գնդակի տարբերություն (0:2, 2:4): «Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դե Ֆրանչեսկին խաղից առաջ նշել է, որ ինքը հավատում է հրաշքների, իսկ ահա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գուարդիոլան ասել է, որ «Լիվերպուլի» արգելքը կարելի է հաղթահարել միայն այն դեպքում, եթե թիմն ամբողջ խաղի ժամանակ իդեալական ֆուտբոլ ցույց տա: