Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսուհի պաշտոնյան հեքիաթ կարդաց հայ երեխաների համար (տեսանյութ)

Հասարակություն
heqiat

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում  այսօր հեքիաթի ժամ էր։ Բայց այն յուրահատուկ էր , քանի որ այս անգամ փոքրիկների համար հեքիաթը կարդում էր Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերի պատասխանատու Նատալիա Տսագրիսը։ Ֆրանկոֆոնիայի կենտրոնի բաժնի վարիչ  Լուսինե Խաչատրյանը նշում է, որ սա առաջին դեպքը չէ. «Գրադարանն ունի մի հետաքրքիր սովորույթ. հաճախ է հրավիրում Երևանում գտնվող դեսպաններին կարդալու հեքիաթներ։ Մեզ մոտ հաճախ են լինում այդպիսի ընթերցումներ։ Ֆրանկոֆոնիայի առիթով հրավիրեցինք Նատալիա Տսագրիսին»։ Հեքիաթը նույնպես պատահական չէր ընտրված։ Այս տարի նշանավոր ֆրանսիացի հեքիաթագիր Շառլ Պերոյի 390 ամյակն է և ընտրվել էր նրա «Փուփուշիկ Ռիքեն» հեքիաթը։ Նատալիա Տսագրիսը չափազանց ոգևորված էր երեխաների երգերով ու պարով։ Ասում է՝ առաջին անգամ էր հայ երեխաների համար ֆրանսերենով հեքիաթ կարդում։ «Սա շատ հետաքրքիր էր ինձ համար, ուզում էի տեսնել՝ հասկանում են ինձ, թե ոչ։ Տարեց տարի ավելի բարձր մակարդակի է հասնում ֆրանսերենի ուսուցումը։ Այս անգամ Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում կինոյի, թատրոնի, նկարների, ինչպես նաև խոհարարական փառատոններ ենք կազմակերպում։ Այս անգամ  կուղևորվենք նաև Գյումրի։ Միջոցառումներն այս տարի շատ են, քանի որ հոկտեմբերին Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոն միջոցառումների գագաթնաժողովը»,- ավելացրեց Նատալիա Տսագրիսը։