A
A
Ամերիկյան բանակը դիրքավորվել է թուրքական բանակի հետ սահմանակից գոտում (տեսանյութ)
Ամերիկայի Ձայն
Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ պայքարը ահաբեկչության դեմ Սիրիայում շարունակվում է՝ չնայած նախագահ Թրամփը վերջերս նշել էր, որ ամերիկյան զորքերը շուտով կլքեն Սիրիան: Այս պահին լարվածությունը պահպանվում է Թուրքիայի հետ սահմանին, որը սպառնում է քրդական զորամիավորումներին։
Այս պահին Սիրիայում գտնվող ամերիկյան զորախմբի թվաքանակը հասնում է 2000 զինծառայողի: Նրանց մեծ մասը գտնվում է հյուսիսային Մանբիջ քաղաքում, որը ազատագրվել է Դաեշ-ից քրդական զորամիավորումների կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ:
Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը շուտով դուրս կբերվեն Սիրիայից, սակայն ամերիկյան և տեղական ռազմական ղեկավարները հայտարարում են, որ դեռևս վաղաժամ է դրա մասին խոսել:
«Մենք ազատագրել ենք այս տարածքները Դաեշ-ից: Այստեղ են մեր ընկերներն ու դաշնակիցները: ԱՄՆ-ի պետքարտուղարության ու Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները մեզ հավաստիացրել են, որ ամերիկյան զորքերը մնում են Մանբիջում»,- ասում է Մանբիջի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ Մուհամեդ Աբու Ադելը:
Վերջերս ամերիկյան զորքերը դիրքավորվեցին Մանբիջի բարձունքներից մեկի վրա՝ թուրքական բանակի զբաղեցրած դիրքերի հետ սահմանային գոտում:
«Նախկինում այս դիրքերը միայն մենք էինք վերահսկում: Այժմ դրանք ավելի լավ են պաշտպանված, քանի որ վստահ ենք, որ թուրքական զորքերն ու զինյալները չեն հարձակվի այս ուղղությամբ»,- ասում է Մանբիջի դիրքերի հրամանատար Ալի Մանբիջը:
Սպիտակ տունը իր հերթին կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից՝ ընդգծելով, սակայն, որ առայժմ դրա վերաբերյալ չկան հստակ ժամկետներ:
«Մենք ցանկանում ենք իշխանությունը փոխանցել տեղի ուժերին ու այդ ընթացքում բացառել, որ Դաեշ-ը կրկին գլուխ բարձրացնի այնտեղ: Սա է մեր բռնած ուղղությունը, ուր կարողացանք գրանցել հաջողություններ նախագահի առաջնորդությամբ»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:
Փորձագիտական շրջանակները շարունակում են պնդել, որ չնայած Դաեշ-ը կորցրել է վերահսկողությունը այս տարածքների նկատմամբ, այն շարունակում է իր գոյությունը պահպանել Սիրիայում և վտանգ ներկայացնել:
«Թրամփի խորհրդականները վերջին օրերին փորձում էին համոզել նախագահին, որ այս պահին զորքերի դուրս բերումը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, քանի որ այսպիսով կուժեղանան Ռուսաստանի ու Իրանի դիրքերը, որոնք աջակցում են Դամասկոսին: Դա նաև կխրախուսի Թուրքիային շարունակել իր հարձակումը Աֆրինում ու դեպի Թալ Ռիֆաաթ և արևելք»,- նշում է Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Ամի Օստին Հոլմսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի աջակցությունը քրդական զորամիավորումներին Սիրիայում և Իրաքում դարձել է մշտական լարվածության աղբյուր Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում: