«Չուրախանաք, դեռ շարունակելու ենք աշխատել նույն տեմպով» (տեսանյութ)
Կառավարության նիստն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին սկսեց հանձնարարականներով: Առաջին հերթին նա անդրադարձավ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունին՝ նշելով. «Հանձնարարում եմ Արտակարգ իրավիճակների նախարարին՝ 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև՝ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, թերությունների հայտնաբերման ուղղությամբ։ Խախտումների արձանագրման դեպքերում սահմանելսեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին»։ Վարչապետը Արտակարգ իրավիճակների ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և Կառավարությանը ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրմանն ուղղված առաջարկություններ։ Բացի այդ, Կարեն Կարապետյանը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, հանդես եկավ նաեւ քաղաքական հայտարարությամբ. «Սահմանադրության պահանջից ելնելով՝ մոտակա ժամանակներս ներկայացնելու ենք Կառավարության հրաժարական: Չուրախանաք, դեռ շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Կառավարությունում լրագրողների աշխատանքին. ապրիլի իննից հետո Գործադիր մարմնի նիստերն անցկացվելու են դռնփակ. «Ես գոհ եմ. ընդհանրապես որևէ քայլ որ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչը, իմ կարծիքով, կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում՝ ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»: Ըստ նրա՝ Կառավարության նիստից հետո որոշում կկայացվի, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում, և նախարարները կպատասխանեն հենց այդ հարցերին: Ինչ վերաբերում է ապրիլի 17-ից հետո ՀՀ վարչապետի նստավայրի հարցին, ապա պարոն Հարությունյանը նշեց, որ նա ունենալու է երկու նստավայր. «Գործող վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացնելու է վարչապետը: Կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը այդ առումով հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար»: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ վարչապետի ներկայիս նստավայրը հարմարեցված է գործադիր իշխանության ոլորտում լիազորություններ իրականացնելու համար։ «Կարծում եմ՝ զարմանալի բան չկա, որ լիազորությունների մի մասն էլ իրականացվելու է այլ տարածքից։ Վարչապետը ունենալու է այս շենքում նստավայր։ Կառավարության անդամների հետ աշխատանքը կարող է իրականացվել այստեղ»: https://youtu.be/F3t7D2RJhFw https://youtu.be/kacoeNihTz4 https://youtu.be/Y-4bzReJCzM