«Ռուսական ՌՈ տեղակայումը խոսում է մեր իշխանության անինքնավստահության մասին» (տեսանյութ)
Ռուսական ռազմական ոստիկանության առկայությունը մեր երկրում բավականին վտանգավոր է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը: «Սա վկայում է մեր իշխանության անինքնավստահության մասին: Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների համատեղ որոշմամբ է այն տեղի ունեցել: Ինչպես հոկտեմբերի 27-ից հետո «Ալֆա» ջոկատը հայտնվեց եւ շրջափակեց ԱԺ-ն, այնպես էլ հիմա Ռուսական ռազմական ոստիկանության ի հայտ գալն է»: Եթե չլիներ Հայաստանի իշխանությունների համաձայնությունը, ռուսական ուժերը չէին գա Հայաստան, համոզված է լեզվաբանը: «Փորձը ցույց է տվել, որ մենք հաղթում ենք միայնակ, իրական դաշնակիցներ մենք չունենք: Ռուսական ուժի հայտնվելը նշանակում է մեր հաղթանակի եւ հաջողությունների հնարավորությունների կազմաքանդում՝ ե՛ւ Արցախի ե՛ւ մնացյալ հարցերում»: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով ռուսական ռազմական ոստիկանության ներկայությունն անհեթեթություն է, բայց, եթե ներկա է, պետք է լինի քաղաքակիրթ ձեւով: Ազատ Արշակյանը չի կարծում, որ ռուսական ուժերի տեղակայումը պայմանավորված է կարգ ու կանոնի հաստատմամբ, առավել եւս Գյումրիում հայ ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի գործի հետ կապ չունի: Այս ուժերի տեղակայումը մեր երկրում խոսում է Ռուսական իմպերիալիզմի անկառավարելիության մասին, եզրափակեց Ազատ Արշակյանը: