Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում են ոչ թե այգեգործությամբ զբաղվել, այլ գործարանում աշխատել (տեսանյութ)

Հասարակություն
narin-1

Աննա Հարությունյանը նախորդ տարի  իր այգուց ստացել է 70 արկղ խնձոր, վաճառել 50-100 դրամով, սակայն միեւնույնն է՝ ջրի ու պարարտանյութի ծախսը չի կարողացել փակել: «Եթե գործարան լիներ, մենք ամսական աշխատավարձ կստանայինք, ավելի լավ կապրեինք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Զանգակատուն համայնքի բնակիչ Աննա Հարությունյանը:             Տիկին Աննան աշխատում է գյուղի մյուս ծայրում գտնվող զորամասում, ստանում է 60 հազար դրամ աշխատավարձ։ Իր մասնագիտությամբ չի աշխատում, նա դերձակ է: «Ես շատ կուզենայի, որ ինչ-որ մեկը սպիտակեղեն կտոր տար, ես տանը նստեի սպիտակեղեն կարեի, գային, տանեին, ավելի մեծ հաճույքով կաշխատեի, քան այդքան կիլոմետր ես զորմաս գնայի»,- նշում է Աննա Հարությունյանը:                  1070 բնակություն ունեցող Զանգակատուն համայնքում, ինչպես հանրապետության շատ այլ համայնքներում հիմնական խնդիրը աշխատանքի բացակայությունն է:«Երբ  գործ է լինում, աշխատում ենք գյուղում: Օրինակ՝ ծիրան հավաքել, բերքահավաքներին աշխատում ենք գյուղում»,- ասում է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի բնակիչ Արաքսյա Հովակիմյանը:    «Երկիրն էս է, ինչ բողոքենք: Աշխատանք չկա, անասունով ենք ապրում, խնձոր ունենք, ծիրան, սրանով ենք ապրում»,- պատմում է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի բնակիչ Խաչիկ Թադեւոսյանը:               Գյուղում գործարան չկա, սակայն կան փոքր ձեռնարկություններ, որոնցով գյուղապետը հպարտանում է: «Օրինակ՝ ունենք Ներսես անունով մի տղա, որ լավաշ թխելու վառարաններ է սարքում. ինքը գոհ է իր աշխատանքից, ու ընտանիքն էլ նորմալ պահում է դրանով»,- վստահեցնում է Արարատի մարզի  Զանգակատուն համայնքի ղեկավար Էմիլ Սահակյանը:               Զանգակատուն համայնքում հիմնականում այգեգործությամբ  են զբաղվում: Վարուցանքը քիչ է, քանի որ գյուղտեխնիկայի լուրջ խնդիր ունեն: «Գյուղտեխնիկան Սովետի ժամանակվանից մնացած գյուղտեխնիկա է, որի մաշվածությունն այնքան շատ է, որ արդյունավետ չէ դրանով վարուցանք անելը»,- դժգոհում Էմիլ Սահակյանը:             Այգեգործությունն էլ իր հերթին այլ խնդիրների առաջ է կանգնեցրել՝ ոռոգման ջրագծերն են մաշված: «Մեր հիմնականը ծառատեսակներն են, որոնք նոր ծառեր են հիմնականում, եղած այգիները պիտի ջրենք, դրանց համար է ոռոգման խնդիրը: Մենք ջրամբար ունենք, սակայն տարածքը մեծ է. մենք ունենք մոտավորապես 200 հա-ի հասնող պտղատու այգիներ»,- նշում է Էմիլ Սահակյանը: Խնձորը, ծիրանն ու տանձն արտահանում են ՌԴ ու Վրաստան: Գյուղում 4-5 տարի է՝ գործում է մոտ 600 քառ. մետր տարածքով 150 տոննա ծավալով սառնարանային տնտեսություն, որտեղ համայնքի բնակիչները պահեստավորում են իրենց լավագույն բերքը: