Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետություն-ՓՄՁ երկխոսությունը խզվել է. բաց նամակ վարչապետին (տեսանյութ)

Հասարակություն
narine

Պետություն-մասնավոր հատված երկխոսությունն այսօր խզված է, մինչդեռ այն պետք է լիներ հետևողական ու անընդհատ: «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ն բաց նամակներ է հղել Կարեն Կարապետյանին՝ փորձելով վերականգնել այդ երկխոսությունը, յուրաքանյուր նամակում ներկայացնելով ՓՄՁ ոլորտի մի խնդիր: «Մեր խնդիրն է՝ փոքր բիզնեսի խնդիրը տեղ հասցնել: Պատասխանատուն ի պաշտոնե կառավարությունն է: Մենք արձանագրում ենք այն, որ մենք մեր շահառուների ձայնը բարձրացրել ենք եւ պաշտոնապես ֆիքսում ենք, քանի որ ոչ միայն այս բաց նամակով, այլ քարտուղարություն մուտք արված նամակներ ունենք, որոնք, մենք տեսնում ենք, որ պտտվում են, ուղարկվել է կարծիքի եւ այլն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» համահիմնադիր, գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը:             «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ն ՀՀ վարչապետին կից գործող ՓՄՁ Զարգացման խորհրդի անդամ է, որի նիստերը, եթե նախկին երկու վարչապետերի օրոք գումարվում էին 3 ամիսը մեկ անգամ, Կարեն Կարապետյանի օրոք վերջին նիստը գումարվել է անցած տարի՝ կիսատ թողնելով շատ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, ՀԴՄ-երի տեղադրման գինն այդպես էլ չտարբերակվեց ՓՄՁ-երի եւ խոշոր բիզնեսի՝ երկուսի դեպքում միեւնույն գինն է՝ 160 հազար դրամ: «Եթե մենք այսօր այլ երկրներում ասում ենք, որ ՀՀ-ում բիզնես սկսելը դյուրին է, այո, շատ դյուրին է Դուինգ-բիզնեսի տեսանկյունից մեր դիրքերը բարելավում ենք, սակայն չենք ասում, որ ՀՀ-ում բիզնես սկսելու համար ոչ թե զրո դրամ է ընկերություն գրանցելը՝ պետական տուրքը, այլ շատ դեպքերում դա արժե մոտ 300-400 դոլար՝ ՀԴՄ դնելը: Եկեք ամեն ինչ կոչենք իրենց անուններով»,- նշում է Հակոբ Ավագյանը:              Բացի այդ, ստեղծվեց ՀԴՄ-երի ներմուծման եւ տեղադրման մենաշնորհային կառույց՝ «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, որը ոչ միայն դաշտից դուրս մղեց բազմաթիվ կազմակերպությունների՝ բացառելով մրցակցությունը, այլեւ հավելյալ խնդիրներ ստեղծեց բիզնեսի համար: «Դիմում էին սկսնակ բիզնեսմենները՝ ՀԴՄ ունենալու, եւ երկու-երեք ամիս սպասում էին, քանի որ ՊՈԱԿ-ը այդ սարքերը չունեին: Սա ինչի մասին է խոսում՝ եթե մեկին մենաշնորհ ենք տվել, ապա մենք այլընտրանք չունենք ու նրա քմահաճույքներով պետք է առաջնորդվենք»,- նկատում է նա:             Կառավարություն-մասնավոր հատված երկխոսության խզման մեկ այլ ցայտուն օրինակ է մաքսային փաստաթղթաշրջանառության հարցը: «Այդտեղ էլ մաքսային բրոքերների ինստիտուտում ներխուժեց՝ ի դեմս  պետության եւ վաղը մենք այլեւս չենք ունենալու այլընտրանք, հակառակ նրան, որ կարելի էր ուժեղացնել բրոքերների ինստիտուտն ու լինեին պարզ մրցակցային հարաբերություններ»,- վստահեցնում է Հակոբ Ավագյանը:           Ասոցիացիան Հարկային նոր օրենսգրքում եւս փոփոխություններ անելու առաջարկություններ է արել, որոնց մեծ մասը, թեեւ ընդունվել է, սակայն կան բազմաթիվ այլ նորմատիվ հակասություններ, որոնք կլուծվեին, եթե վարչապետի հետ հանդիպումը կայանար: «Դա արդյունք է նրան, որ մենք կաբինետային ենք որոշումներ կայացնում, դրա վառ օրինակն է դեղատնային գործունեության ու դեղագործության մասին. մի կողմից ասում ենք, որ դեղերը պետք է պարտադիր հաշվառում ունենան, սակայն մյուս կողմում էլ ունենք փոքր դեղատները, որոնք եւս բախվում են նրան, որ այնտեղ եւս հայտնվելու է եւս մեկ մենաշնորհային ընկերություն, որն ինքն է մատուցելու այդ ծառայությունները, այսինքն՝ Սիստեմայում գրանցվելու ու գանձումներն անելու, ինքն է որոշելու այդ վճարումների չափը: Այսինք, մենք մեզ գցում ենք պրոբլեմի մեջ հետո չգիտենք՝ ինչ անել»,- ասաց Հակոբ Ավագյանը:             «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ն վարչապետին այնքան բաց նամակներ կուղարկի, մինչեւ լինեն կոնկրետ արձագանքներ: Ի դեպ, Ասոցիացիան ոլորտի կարգավորման համար առաջարկում է ի վերջո ներդնել ինչպես ՓՄՁ թեստավորման ինստիտուտ, այնպես էլ գործարար շահերի օմբուդսմենի ինստիտուտը: