Հայաստանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում նոր կորուստներ կրեցին
Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները: Մրցանակային տեղերի հավակնող Հայաստանի շախմատիստներից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տանել եւ հետապնդել առաջատարներին: Յոթ տուրից հետո 5-ական միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար ռումինացի Վիկտոր Բոլոգանի եւ ուկրաինացի Մարտին Կրավցիվի հետ: Նրանցից կես միավորով հետ մնացող Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաշտություն կնքեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի, իսկ Արամ Հակոբյանը՝ գերմանացի Ֆալկո Բինդրիխի հետ: Նույնպիսի արդյունք ունեցող Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը իրար մեջ կիսեցին միավորը, իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը տանուլ տվեցին իրենց պարտիաները եւ հետ մնացին մյուսներից: Ստորին հորիզոնականներում գտնվող մեր պատվիրակներից հաղթանակ տարավ միայն Տիգրան Կ. Հարությունյանը, որը վաստակեց 4,5 միավոր եւ համեմատաբար բարելավեց մրցաշարային գործերը: Ութ տուրից հետո աղյուսակը գլխավորում են չորս շախմատիստներ՝ իսրայելցի Տամիր Նաբաթին, լեհացի Ռադոսլավ Վոյտաչեկը, անգլիացիներ Գավեյն Ջոնսը, Լուկ Մակշեյնը, որոնք վաստակել են 6,5-ական միավոր: Նրանց հաջորդում են յոթ հոգի, որից հետո գալիս է Գաբրիել Սարգսյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանի խումբը: