Հույս ունեն, որ այս տարի պոեզիան քամուն չեն տա
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հարակից տարածքի ծառերը բանաստեղծական են դարձել. պոեզիայի միջազգային օրվա առթիվ ամեն տարի գրադարանը պոեզիայի ծառզարդարում է կազմակերպում: Անցորդները բացիկների վրա իրենց սիրելի թողերն են գրում ու կախում ծառերի ճյուղերից: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի սոցիալական ցանցերի պատասխանատու Նարինե Գիժլարյանը հիշում է անցած տարվա միջոցառումը. «Անցած տարի շատ ուժեղ քամի էր, և ծառից տերևները պոկվեցին, պոեզիան քամուն տվինք, պոեզիան քամու թևերով տարածվեց քաղաքով մեկ, հույս ունենք այս տարի այդպես չի լինի»: Նրա խոսքով միջոցառմանը մասնակիցների պակաս չի լինում. «Հաճույքով գալիս են, գրում են ռուսերեն, անգլերեն և հայերեն բանաստեղծություններ, նաև ժամանակակից պոեզիայից են մեջբերում անում, շատ հաճելի արարողություն է»: Պոեզիայի միջազգային օրը նշվում է 1999 թվականից: Բանաստեղծական ծառզարդարումը կշարունակվի ողջ օրվա ընթացքում։