Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային փոքրամասնությունները դժգոհ են նոր օրինագծից (տեսանյութ)

Քաղաքականություն
Bagrat

Հայաստանի ազգային փոքրամասնությունների 9 համայնքի ներկայացուցիչներ պահանջում են «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրել Վարչապետին առընթեր Ազգային փոքրամանությունների Համակարգող խորհրդի ստեղծումը: Նրանք բաց նամակով դիմել են  Ազգային ժողովի նախագահին և արդարադատության նախարարին: Նրանց կարծիքով՝ նոր օրինագծով նվազեցվում է համակարգող մարմնի կարգավիճակը, քանի որ ազգային փոքրամասնությունների հարցով կզբաղվի միայն  Հանրային խորհրդի հանձնաժողովը։ «Այս ստատուսը ոչինչ է, զրո է: Ինչքան ցածր կառույց, այնքան ավելի դժվար են հասկանում խնդիրները: Եթե մենք հիմա զրկվենք այդ մեխանիզմից, մենք ընդհանրապես ոչ մի հարց չենք կարողանա լուծել»,-  նշում է Համակարգող խորհրդի անդամ, ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա -  Գասպարյանը: Ոչ բոլոր համայնքների ներկայացուցիչներն են այսօր ընդունել  Հանրային խորհրդում արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ օրինագծի շուրջ քննարկման մասնակցության հրավերը: «Վիգեն Քոչարյանը հանդիպել է մեզ հետ Համակարգող խորհրդում:  Երբ մեր դժգոհություններն ու առարկությունները ներկայացնում էինք, նրա դիրքորոշումն այն է, թե «Ես իրավաբան եմ, դուք կարդացել չեք հասկացել՝ ես հիմա ձեզ կբացատրեմ»: Միտքը ո՞րն է, եթե արդեն քննարկել ենք ու մեր դիրքորոշումը գիտեր»,- նշում է ասորական համայնքի ներկայացուցիչը: Համակարգող խորհրդի կարգավիճակի մասին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մտահոգությունների մասին առանձին նամակներով ծանուցվել են խորհրդարանի բոլոր պատգամավորները, և եթե իրենց բողոքը լուծում չստանա, նրանք պատրաստ են դիմելու միջազգային կառուցներին: «Առանց մեր կարծիքը հարցնելու, թե մեզ լավ կլինի թե ոչ, կարող է որոշել հայ անհատը, որը երբեք Հայաստանում այլազգի չի եղել: Թող մեր անունից չխոսեն: մենք Վիգեն Քոչարյանին ասել ենք, երևի թե վերադառնում ենք 90-ական թվականները, երբ առանձին ամեն մեկս մեր ձայնը բարձրացնում էինք՝ հասցնում տարբեր միջազգային կառույցներում. Մենք ունեցանք մի մարմին, որը հնարավորություն ստեղծեց ինչ որ հարցեր լուծելու և կայանալու: Եվ հիմա դա ոչնիչացնել՝ չեմ պատկերացնում»,-  ասում է Իրինա Սագրադովա -  Գասպարյանը: Նշենք, որ  Համակարգող խորհուրդը ստեղծվել էր  2000 թվականի հունիսի 15-ին Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ: Դրա նպատակն էր ապահովել ազգային փոքրամասնությունների պաշտպանվածությունը, ինչպես նաեւ ակտիվացնել նրանց  հարաբերությունները  համայնքների հետ։ Նոր օրինագծով Համակարգող խորհուրդը վերացվելու է: