«Արսենալը» չի կարող նոր աստղեր ձեռք բերել
Լոնդոնի «Արսենալը» ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է հայտնվել այն բանից հետո, երբ անցած մրցաշրջանում չի կարողացել նվաճել չեմպիոնների լիգայի ուղեգիր: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, լոնդոնյան ակումբը նախորդ մրցաշրջանի համեմատ կորցրել է իր եկամուտների մոտ 60 տոկոսը: Եթե ընթացիկ մրցաշրջանում «Արսենալին» չհաջողվի մտնել չեմպիոնների լիգա, ապա ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գումարներ չի ունենա նոր աստղեր գնելու համար: Թիմի նոր սկաուտ Սվեն Միլինստատն արդեն առաջադրանք է ստացել նվազագույնը երեք խաղացող գտնել առավել խոցելի դիրքերի համար: Դա նախ դարպասապահի հարցն է, քանի որ թիմի ներկայիս դարպասապահ Պետեր Չեխն վերջերս չի կարողանում լիարժեք կատարել իր պարտականությունները: Երկրորդ՝ «Արսենալին» պետք են մեկ կենտրոնական պաշտպան եւ պաշտպանողական ոճի կիսապաշտպան: Սվեն Միլինստատը դեռեւս չի կողմնորոշվել դարպասապահի հարցում, իսկ ահա մյուս երկու դիրքերի համար արդեն կան թեկնածուներ: Նրանցից մեկը «Վեսթ Բրոմվիչի» կենտրոնական պաշտպան Ջոնի Էվանսն է, իսկ երկրորդը թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Օզյակուպը: «Արսենալը» դեռեւս չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու երկու տարբերակ ունի՝ հաղթել Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում կամ տեղ զբաղեցնել Անգլիայի առաջնության առաջին քառյակում: Եթե դրանցից ոչ մեկը չստացվի, ապա ակումբը գալիք ամռանը ստիպված կլինի բավարարվել առանց թանկարժեք ձեռքբերումների: