Հարձակվել են «Սասնա ծռեր»-ին հաց տանող կնոջ վրա (տեսանյութ)
Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանը երկու օր առաջ հարձակման է ենթարկվել Երեւանում՝ իրենց տան շքամուտք մտնելիս։ «Սա վախի մթնոլորտի համար է արվում»,- «Ա1+»-ին ասաց Հասմիկ Սարգսյանը: Տիգրանյան 3 շենքի մութ շքամուտքի մոտ նրան է մոտեցել մի երիտասարդ: «Կապիշոնը մինչեւ աչքերը քաշած էր, հաստ ունքերով եկավ մոտեցավ եւ հարվածեց։ Ես զարմացա: Հարվածը շատ ուժգին չէր, տեւել է մի քանի ակնթարթ, սուր գործիքով էր»: Հասմիկ Սարգսյանն այս հարձակումը կապում է «Սասնա ծռեր»-ի եւ Ժիրայր Սեֆիլյանի համախոհը լինելու հետ: Սա հարձակման արդեն 3-րդ դեպքն է: Առաջին երկու անգամները միայն մեքենան են վնասել: «Այս դեպքը իմ ակտիվ լինելու պատճառով է։ Ես միշտ բարձրաձայնել եմ եւ բարձրաձայնելու եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը կենդանի լեգենդ է»,- ասում է Հայ կանանց ճակատի անդամը: Հասմիկ Սարգսյանը վստահ է՝ այս ամենը ունենալու է շարունակություն. «Իրենք իրենց շարժումով ցույց են տալիս, որ կամաց-կամաց ամեն ինչ բարդանալու է՝ մինչեւ կհասնեն իրենց նպատակին, բայց ես չունեմ վախ եւ պատրաստ եմ մինչեւ վերջ կանգնել Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր»-ի կողքին»: Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը գիտի, թե ինչու է հետապնդում իրականացվում Հայ կանանց ճակատի անդամներից հենց Հասմիկ Սարգսյանի նկատմամբ: «Մեկ տարի է Հասմիկը գրանցվում է եւ «Նուբարաշեն»-ում, եւ «Վարդաշեն»-ում եւ «Արմավիր»-ում եւ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում՝ որպես «Սասնա ծռեր»-ին հանձնուք տանող անձ: Հասմիկը գրեթե ամեն շաբաթ , եթե ոչ շաբաթը երկու անգամ բոլոր բանտերում հանձնուք է հանձնում: Մենք Հայ կանանց ճակատով հավաքում ենք այդ գումարը, իսկ Հասմիկը պատրաստում է սնունդը»: Կանայք պատրաստվում են հաղորդում ներկայացնել ոստիկանություն, թեեւ ակնկալիքներ այդքան էլ չունեն: «Սա նրանց ձեռքի գործն է նաեւ՝ կա հրաման, կա կատարածու»,- եզրափակում է Հասմիկ Սարգսյանը: