Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՔՍԻՆԵՐԸ ԴԵՌ «ԳՈՒՅՆ» ՉՈՒՆԵՆ

Հասարակություն

Դեղին կամ այլ գույնի պետհամարանիշները կօգնեն ուղեւորին տարբերելու նորմալ հարկային դաշտում գործող տաքսիները մյուսներից:

Այս տարվա հունվարից ուժի մեջ մտած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է նաեւ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատների գործունեությունը:

Օրենքի ընդունումից հետո անցել է 3 ամիս, սակայն տաքսիները շարունակում են բիզնես անել խաղի կանոններից դուրս` առանց լիցենզավորման:

53- ամյա Արշակը իր սեփական ավտոմեքենան որպես տաքսի վարում է 1993թ-ից: Նա ունի մշտական հաճախորդներ եւ նոր կարգից առանձնապես չի վախենում:

«Միայն թող ծախսերը պետությունն անի, ես այդքան փող չեմ աշխատում, թե չէ հարկեր մուծելուց չեմ հրաժարվում»,-ասաց վարորդը: Իսկ հարեւանությամբ կայանած մեկ այլ տաքսու վարորդ` Հարությունը, դժգոհում էր, որ իր սեփական մեքենան միայն մի քանի ամսով է որպես տաքսի աշխատեցնում եւ չգիտի, ասենք, դեղին համարանիշով մեքնենան հետո ինչ պիտի անի:

«Երեւի մինչեւ սկսեն տուգանքներ վերցնել նոր կարգին չենթարկվելու համար, ես արդեն մեքենաս որպես տաքսի էլ չեմ քշի, տնաքանդություն է թե չէ»,-ասաց նա:

Տրանսպորտի եւ Կապի նախարարության Տրասպորտի տեսչության պետի տեղակալ Արշակ Պետրոսյանից տեղեկացանք, որ տաքսիների լիցեզավորման կարգը արդեն մշակվել է եւ ներկայացվել է կառավարությանը:

Ըստ օրենքի` տաքսիները բացի համապատասխան գունավոր համարից, թափքի վրա ունենալու են նաեւ շախմատաձեւ տարբերանշմամբ գծանշում, ազատ լինելու կամ պատվիրատու ունենալու մասին հայտնող լուսարձակ ցուցիչներ, հաշվիչներ:

Անուշ Բաղդասարյանը ուսուցչուհի է եւ հաճախ է օգտվում տաքսիների ծառայություններից: Նա ասում է, որ ոչ միայն մշտապես օգտվում է միեւնույն տաքսի ծառայությունից, այլեւ ուշ ժամերին զանգում է ընկերության միեւնույն վարորդին եւ վերջինս անմիջապես արձագանքում է:

«Ինձ համար մեծ նշանակություն ունի տաքսու վարորդի «սերվիզից» լինելու հանգամանքը, քանի որ պատասխանատվության հարց կա: Ինձ մշտապես սպասարկող տաքսին «սերվիզից» է եւ ես սերվիզի միջոցով եմ նրան գտնում»,-ասաց Անուշը:

Նշենք, որ նոր կարգը դեռեւս օրինախախտումերից խուսափելու միջոց չէ: Առանց լիցենզավորման տաքսին անճանաչելի է դրսից, օրինակ` տեսուչը չի կարող ասել՝ տաքսու վարորդն իր մերձավորի՞ն է տանում, թե՞ ուղեւորին է վճարովի հիմունքներով փոխադրում: