Երեւանի խորհրդանիշ համարվող քանդակը դեռ տեղ չունի
Երեւանի ավագանին այսօր ընդունեց պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու վերաբերյալ վիճահարույց նախագիծը: Արձանը կտեղադրվի Երևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում: Իսկ 30 տարի Դվին հյուրանոցի տարածքում գտնվող եւ հետո այնտեղից տեղափոխված Երեւանի խորհրդանիշ համարվող արձաններից մեկը՝ «Լեռնային պար» արձանախումբը, դեռ չի գտնում իր տեղը: Վերջնական որոշում առայժմ չկա, թե որտեղ այն կարող է տեղադրվել: Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքերով՝ առաջարկները շատ են, սակայն փնտրում են հարմար տարբերակ: «Նախընտրելի է կենտրոնական հատվածում, որովհետեւ իր արժեքով այդ քանդակը նկատելի եւ ճանաչելի է եւ շատ լավ կլիներ, որ այն տեղադրվեր մեր կենտրոնական այգու հատվածներում»,- «Ա1+»-ին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Ոչնչացումից փրկված քանդակն արդեն 2 տարի է վերականգնվել է, սակայն իր նախկին տեղում չի կարող տեղադրվել: Քանդակի գրեթե 60 տոկոսը վնասված էր: Ժամանակին 11 տարի քանդակի վրա աշխատած Տիգրան Արզումանյանը 6 ամիս էլ տրամադրել է վերականգնմանը: Քանդակի հեղինակը ցանկանում է, որ այն տեղադրվի Երեւանի կենտրոնում, այլ ոչ թե արվարձանում: