«Միմի» ֆիլմի առաջին քննադատները երեխաներն էին (տեսանյութ)
«Միմի» անունով շունը պատվավոր հյուրի դերում է, եկել է տեսնելու իր մասին նկարահանված ֆիլմը: Ռեժիսոր Արսեն Ասլանյանի հեղինակած «Միմի» կարճամետրաժ ֆիլմն առաջին անգամ դիտելու իրավունքը փոքրիկներին էր։ «Երբ թոռնիկս առաջին անգամ նայեց, հետո մի քանի անգամ ցանկություն հայտնեց ֆիլմը նայելու: Հենց դրանից առաջացավ մտահղացումը, որ առաջինը երեխաները դիտեն եւ գնահատեն ֆիլմը: Ըստ ռեժիսորի, երեխաների վերաբերմունքն ամենահետաքրքիրն է: «Ինձ պետք չէ, որ կինոքննադատները գան եւ դիտեն ֆիլմը, ինձ համար կարեւորը երեխաների արձագանքն է»: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Միմին, 6-7 ամսական էր, երբ տերը նկատել է նրա ընդունակությունները և սկսել է վարժեցնել նրան: Այսօր նա տիրոջը՝ Արսեն Էվջիկյանին օգնում է ծաղկեփնջերը պատվիրատուին հասցնել։ Ֆիլմում Միմին ներկայացնում է իր կյանքը: Նկարահանման հրապարակում Միմին դժվարություններ չի ստեղծել, կատարել է բոլոր հանձնարարությունները: Արսեն Ասլանյանն աշխատել է սցենարիստ Արմեն Ճգնավորյանի հետ: Ըստ սցենարիստի՝ շներին բնորոշ են նույն խնդիրները, որոնք հատուկ են նաեւ մարդկանց: Ֆիլմը կստիպի, որ մեծերը խորհեն , իսկ երեխաները՝ ուրախանան: Արսեն Ասլանյանը դեմ չէր լինի, որ ֆիլմը ցուցադրվեր մեծ էկրաններին եւ գումարը փոխանցվեր Կենդանիների պաշտպանության ֆոնդին: