Էդմոն Մարուքյանը հակասահմանադրական համարեց ԱԽ մասին օրենքը
ԱԺ-ում այսօր սկսվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկումը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ԱԽ-ն կգլխավորի ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, ՊՆ-ն, ԱԳՆ-ն, ԱԱԾ տնօրենը, ՀՀ ԶՈՒ ԳՇՊ-ն, ՀՀ ոստիկանապետը եւ ԱԱԽ քարտուղարը. «Հիմնական լիազորությունը այն է որ պաշտպանության ուղղությունները որոշելն է»: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը , հարց ուղղելով, նշեց, որ հակասահմանադրական օրենք ենք ունենալու, եթե թողնում ենք առաջին փոխվարչապետ եզրույթը. «Քանի որ Սահմանադրության մեջ միայն նշված է երեք փոխվարչապետ, սակայն չի առանձնացված առաջին փոխվարչապետը»: Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ համաձայն չէ պատգամավորի տեսակետի հետ, քանի որ չկա հակասություն Սահմանադրության հետ, քանի որ ընդամենը առանձնացվել են առաջին փոխվարչապետի լիազորությունները. «Առաջին փոխվարչապետը ընդամենը փոխարինելու է վարչապետին՝ բացակայության ժամանակ: Առաջին փոխվարչապետը մյուսներից գերակա է, նման դրույթ չենք սահմանել»: Էդմոն Մարուքյանն առարկեց՝ ասելով. «Այդ դեպքում, կարո՞ղ ենք ԱԺ կանոնակարգում փոփոխություն անենք ու սահմանենք պատգամավորի տեղակալ: Սահմանադրությամբ չունենք նման պաշտոն. վարչապետը թող մի փոխվարչապետին առավել շատ հանձնարարություն տա: Ընդամենը»: Արդեն իր ելույթում Էդմոն Մարուքյանն ասաց, որ Սահմանադրությանը բան ավելացնել կամ պակասեցնել մենք իրավունք չունենք, դա հատկապես վերաբերում է առաջին փոխվարչապետ եզրույթին: ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը, եթե լինի անհրաժեշտություն, կարող են մասնակցել ԱԽ նիստերին: