Moscow Open. Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը հաղթանակ տարավ
Moscow Open-2018 շախմատատային փառատոնում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Կանանց մրցաշարում հաջող հանդես եկող մեր շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը չկարողացավ դիմակայել գրոսմայստեր Բայրա Կովանովային եւ կրեց առաջին պարտությունը: Նա այժմ 5 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Այսօր կայանալիք 8-րդ տուրում նա սեւերով մրցելու է Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Էլմիրա Միրզոեւայի հետ: Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են երեք շախմատիստուհի: Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստներին առավել հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը: Նա հերթական տուրում հաղթեց միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովին, վաստակեց 5,5 միավոր եւ բարձրացավ 7-րդ հորիզոնական: Նախավերջին՝ 8-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակցի՝ Նիկիտա Մատինյանի հետ: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է իսրայելցի Տամիր Նաբաթին, որը բազմիցս հանդես է եկել Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերում: